Լրահոս
Օրվա լրահոսը

Արամյանցի պատմական տունը՝ խրախճանքի օբյե՞կտ

Հուլիս 10,2012 14:07

Ինչո՞վ պիտի տուրիզմ զարգացնեն, «ջրի գնով» վաճառել են, տուրիստներից էլ՝ մեկուսացրել

Արամյանցի դղյակը նախկինում եւ հիմա:

Կոմբինատի ապօրինի պոչամբարը:

Ախթալայի եկեղեցին եւ լեռնահարստացուցիչ կոմբինատը:

Զբոսաշրջության զարգացման, Հայաստան փող բերող տուրիստներին զարմացնելու, գայթակղելու, նաեւ սփյուռքահայերին հայրենիքի հետ կապելու համար մեր երկիրը բացի Սեւանից, Գառնի-Գեղարդից՝ բազմաթիվ հետաքրքիր ու պատմական վայրեր ունի: Միայն Լոռու մարզը կարող է իր պատմական հուշարձաններով, հնադարյան վայրերով ու բնությամբ բազմաթիվ զբոսաշրջիկների գրավել, սակայն եղածը պահպանելու եւ մատուցելու փոխարեն կոպեկներով մասնավորին են վաճառել: Օրինակ՝ Ախթալայում գտնվող պատմական հուշարձաններից մեկը՝ 19-րդ դարի հայտնի բարերար, մեծահարուստ նավթարդյունահանող Միքայել Արամյանցի դղյակը ընդամենը մոտ 4 հազար դոլարով վաճառվել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանին, որը ներկայումս պատիժ է կրում մանկապղծության համար: Այս վաճառքը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց Արամյանցի դղյակ-առողջարանի նախկին տնօրեն Ալբերտ Բաբայանը, անօրինական ճանապարհով է կատարվել: Մոտ 6 տարի առաջ այս դղյակը սկզբում ձեռք է բերել Տեր-Պողոսյանին պատկանող հարստացուցիչ կոմբինատը, որից հետո այն ձեւակերպվել է Սերոբ Տեր-Պողոսյանի անունով: Դղյակը վաճառվել է՝ պայմանով, որ 15 տարվա ընթացքում ներդրումներ կատարվեն, եւ այն անպայման ծառայեցվի զբոսաշրջության նպատակով: Սակայն այսօր ոչ ոքի դղյակին անգամ 1 մետր էլ մոտ չի թողնում:

Ախթալա մեր այցելության ժամանակ դղյակի մուտքի վրայից բացակայում էր Միքայել Արամյանցի մասին հիշեցնող որեւէ գրառում, փոխարենը փակցված էր՝ տարածքը մասնավոր սեփականություն է, եւ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է:

Ուշագրավն այն է, որ Արամյանցի դղյակն իր տեսակով ու պատմությամբ, կարելի է ասել՝ միակն է: Ճիշտ է, Հայաստանում մեկ այլ դղյակ էլ կա՝ Թայրովներինը, որը տնօրինում է Գուգարաց թեմը, սակայն Արամյանցի դղյակն իր նշանակությամբ, որպես առողջարանային կենտրոն, եզակի է:

Մեզ հետ զրույցում ախթալացիները մեծ ափսոսանքով էին խոսում իրենց քաղաքի գոհարներից մեկի մասին, որն այսօր, ըստ նրանց, դարձել է կասկածելի վարքով անձանց հավաքատեղի. «Սերոբի լակոտներն են գալիս-գնում, եսիմ՝ ինչ վեչերինկեք են սարքում, բայց սա մե՛ր քաղաքի հարստությունն է ու պետք է քաղաքին եկամուտ բերի, ոչ թե… Մինչեւ դատվելը, Սերոբի անչափահաս տղա «զոհ-պարտնյորներն» էին գալիս»:

Միայն այն պատմական դեմքերը, որոնք այցելել են Միքայել Արամյանցի տուն, խոսում է այն մասին, որ դղյակը կարող էր հատուկ պահպանվող տարածքի եւ թանգարանի կարգավիճակ ստանալ: Ժամանակին Արամյանցի տունը մտավորականների այցելության սիրելի վայրն էր, դղյակի հյուրերն են եղել Հովհաննես Թումանյանը, Շալյապինը, Խրիմյան Հայրիկն ու մի շարք անվանի մարդիկ: Բացի այդ, դղյակն իր պատմական նշանակությամբ էլ եզակի է՝ այստեղ է 1918 թվականի մայիսի 28-ին ստորագրվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հռչակագիրը: Իսկ խորհրդային տարիներին Արամյանցի տունը, որպես թոքաբորբից բուժվելու առողջարան, ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետությյուններից այցելուներ էր ունենում: Ըստ նախկին առողջարանի նախկին տնօրենի՝ դղյակի տարածքում գտնվող մի քանի շինություններ մոտ 300 այցելու կարող է սպասարկել:

Մեր երկրի այս պատմական հուշարձանը ձեռք բերելուց հետո Սերոբ Տեր-Պողոսյանը ոչ միայն մի կոպեկ ներդրում չի արել դղյակը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար, այլեւ, ըստ ախթալացիների, եղածն էլ ավերել է: Բնակիչների պատմելով՝ թեեւ մուտքը փակ է, բայց իրենք որպես հոգատար քաղաքացի հետեւում են, թե ներսում ինչ է կատարվում. դղյակի մասնաշենքերից մեկը Սերոբ Տեր-Պողոսյանը շուրջ կես միլիոն դոլարով վերանորոգել է եւ ծառայեցնում էր (այսօր էլ՝ նրա ընտանիքը) սեփական խրախճանքների համար, իսկ դղյակի բակում Արամյանցի՝ թոքաբորբից մահացած աղջկա պատվին տեղադրված հիասքանչ հուշարձանը Սերոբը, դղյակը ձեռք բերելուց անմիջապես հետո, թաղել է հողի մեջ, այդ տարածքում իր ծնողների՝ 30 հազար դոլարանոց մարմարե հուշաքարն է տեղադրել: Առողջարանի նախկին տնօրենը անօրինական վաճառքի համար հայցով դիմել էր դատարան, սակայն տնօրենի խոսքերով՝ հայցը չքննվեց. Սերոբը բոլոր «օդերը փակեց»: Ալբերտ Բաբայանը նամակ է ուղղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որպեսզի իրավապահ մարմինները պարզեն, թե ինչպես մոտ 40 հեկտար տարածքը՝ մի քանի լողավազաններով, մեծ այգիով, շենք-շինություններով վաճառվել է ընդամենը 1 միլիոն 200 հազար դրամով. «Արդեն 2 ամիս է անցել, ոչ մի պատասխան չկա: Արամյանցի տունը աշխարհահռչակ առողջարան է եղել, նույնիսկ սոցիալիստական երկրներից մասնագետներ եւ հիվանդներ էին գալիս, բացի լեռնային ու անտառաշատ բնությունից՝ այստեղ նաեւ ցեխային բուժումներ են կատարվել»:

Մեզ հետ զրույցում ախթալացիներն էլ ցավով խոսում էին, որ իրենց տարածաշրջանը պետության կողմից անտերության է մատնված, մինչդեռ իր հնագույն եկեղեցիներով այն կարող է դառնալ Հայաստանի հյուսիսի զբոսաշրջության լավագույն կենտրոնը:

Չնայած Ախթալայի սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ կա արդեն չգործող պոչամբար, սակայն այն, բնակիչների խոսքերով, եկեղեցու ընդհանուր տեսքին չի խանգարում. «Մեզ ավելի շատ մտահոգում է քաղաքի մուտքի մոտ գործող անօրինական պոչամբարը, որը էլի Սերոբ Տեր-Պողոսյանի ձեռքի գործն է: Էնքա՜ն բողոքներ են եղել, բայց մինչեւ հիմա էդ պոչամբարը չի փակվել, երեւի վերեւներից մեկը լավ ա նայում Սերոբի հարստացուցիչ կոմբինատին, որ անօրինականությունների դեմը չեն առնում»:

Մեզ հետ զրույցում լոռեցիները մեկ առ մեկ նշեցին, թե ինչի հաշվին իրենց տարածաշրջանը կարող է ե՛ւ տուրիզմը զարգացնել, ե՛ւ մեծ քանակությամբ հյուրեր ընդունել. «Մենք Քոբայրավանք ունենք, Ախթալայի միջնադարյան եկեղեցի ունենք՝ բացառիկ որմնանկարներով, Թումանյանի տուն-թանգարան ունենք, Օձունում միջնադարյան հրաշք եկեղեցի ունենք, Հաղպատի ու Սանահինի եկեղեցիներ ունենք, Դսեղում շատ հին մատուռներ ու սուրբ Գրիգոր եկեղեցի ունենք, հայտնի Միկոյանների թանգարան ունենք, էլ չենք ասում՝ մեր բնությունը: Ո՞ր մեկը թվարկենք, սրանք բավարար չե՞ն, որ մեր տարածաշրջանում տուրիզմ զարգանա, մեր շրջանն էլ՝ հետը: Կառավարությունը միայն խոսում է, բան չի անում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031