Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր վերջին ասուլիսում մեծ ցավ հայտնեց, որ չի կարող գնալ Վահեի համար մոմավառության, իր պաշտոնը թույլ չի տալիս դա անել, որ նախանձում է մեզ՝ շարքային քաղաքացիներիս այդ առումով եւ այլն: «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում Aravot.am-ը նրան հարց էր ուղղել՝ Դուք Ձեր կենցաղում հաստատ մասնակցում եք հարսանիքների, խմում եք, քեֆ եք անում, զվարճանքի օբյեկտներ եք գնում՝ լիցքաթափվելու, Դուք այդ ամբողջը որպես օմբուդսմե՞ն եք անում: Ի՞նչ ասել է՝ պաշտոնը թույլ չի տալիս մոմ վառել: Ո՞վ էր Ձեր «հավին քշա ասելու», եթե մասնակցեիք Վահեի հուղարկավորությանը, ցավակցեիք Վահեի ընտանիքին ու դա անեիք որպես ՀՀ քաղաքացի: Ի պատասխան՝ պարոն Անդրեասյանը նշեց. «Ես վերջին 1.5 տարվա ընթացքում որեւէ հարսանիքի չեմ եղել, քեֆերի չեմ մասնակցել եւ չեմ խմում ընդհանրապես: Մինչեւ այդ էլ, ճիշտն ասած, միայն պաշտոնը չէ, իմ կենցաղին առանձնապես խորթ երեւույթ է: Ես վաղուց չեմ հաճախում զվարճանքի օբյեկտներ եւ վաղուց իմ ազատ ժամանակը շատ հանգիստ անցկացնում եմ ընտանիքիս ու իմ շատ մտերիմ ընկերների հետ: Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, թե ինչն էր ինձ խանգարում մասնակցել մոմավառությանը. երբ դու ՄԻՊ ես, երբ գնում ես ակցիայի ընդդեմ, օրինակ, «Հարսնաքարի», դու զրկում ես «Հարսնաքարին» քո չեզոքության դերից: ՄԻՊ-ին կարող են դիմել իրավաբանական անձինք եւ քաղաքացիներ: Եթե ես գնամ, անեմ հայտարարություն՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ես Սահմանադրության խախտում եմ կանեմ այն իմաստով, որ կզրկեմ եմ Ռուբեն Հայրապետյանին նեղը ընկած ժամանակ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: «Հարսնաքարի» իրավունքը նույնպես կարող է խախտվել, եւ ես բարոյական գնահատականներով չէ, որ պետք է առաջնորդվեմ, այլ պետք է կարողանամ մարդկային էմոցիաներից զերծ մնալով՝ սպասել, որ ինձ կդիմի ե՛ւ զոհի հարազատը, ե՛ւ այն կասկածյալը, որը հիմա գտնվում է բանտում: Իսկապես վատ արարք են կատարել, բայց նույնիսկ այս դեպքում ես զգուշավոր եմ արտահայտվում, որպեսզի թույլ տամ իրենց շանս ունենալ դիմելու միակ մարմնին այս երկրում, որը Սահմանադրությամբ պետք է պաշտպանի բոլորի իրավունքները հավասար»: Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ հենց դա է իրեն խանգարել, որպեսզի գնա մի կողմ ու պայքարի մյուս կողմի դեմ. «Ի վերջո, չեզոքություն իրավունք ունեն երկրում պահելու մի քանի մարդիկ, մի քանի մասնագիտություններ՝ բժիշկներն են պարտավոր պահպանել չեզոքություն, լրագրողները, իրավաբանները եւ հաստատ մարդու իրավունքների պաշտպանը: ՄԻՊ-ը բոլորինն է, եւ այդ չեզոքությունը ոչ թե իմ լղոզվածության, դեմագոգիայի կամ որեւէ տեսակ մարդկային վախերի արդյունք է, այլ այն սահմանադրական արժեքի պահպանման փորձ է, որը ես անում եմ կարմիր լույսի տակ չանցնելուց մինչեւ օրենքը չխախտելու մնացած բոլոր դեպքերով: Նրանք, ովքեր կարծում են, թե ես զլանում եմ շատ հեշտ միանալ այդպիսի վայրագ երեւույթների դեմ պայքարողներին, թող կարծեն, որ սա ընդամենը փորձ է՝ խուսափելա մոմ վառելուց»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ