Այսօր ԵՊՀ Մշակույթի կենտրոնի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվող «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց»-ի եւ «Սփյուռքի լրագրողների դասընթաց»-ի բացումը, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 15 երկրի շուրջ 50 մասնակից:
«Սփյուռքի լրագրողների դասընթացի» մասնակիցները հնարավորություն կունենան տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի եւ Սփյուռքի բազմափորձ լրագրողներից, պետական եւ հասարակական գործիչներից:
Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ վերապատրաստման դասընթացներն ընթանալու են 3 հիմնական ուղղությամբ՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ ցեղասպանագիտություն. «Մենք հակված ենք կարծելու, որ պետք է լինի ոչ թե Սփյուռքից ժամանած երիտասարդ լրագրողների, այլ արդեն իսկ գործող լրագրողների վերապատրաստում: Նշված ուղղություններն այն առանցքային հարցերն են, որոնց մասին պետք է իրազեկ լինի թե հայրենիքի, եւ թե սփյուռքի լրագրողը»:
Ելույթում ընդգծելով «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց»-ի կարեւորությունը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի բաժնի պետ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ մասնակիցները ներապատրաստվում են 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու նպատակով. «Ողջ հայության միավորման գործում առանձնակի նշանակություն ունեն նաեւ տեղի եւ Սփյուռքի լրագրողները, ովքեր պետք է ոչ միայն բարեկամանան, այլեւ առաջարկեն հետագա համագործակցության ծրագրեր»:
Կարդացեք նաև
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նկատեց, որ հայապահպանության գործում մեծ նշանակություն ունի Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական կառույցների համագործակցությունը:
Միջոցառման ընթացքում Սփյուռքից ժամանած լրագրողները ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտներին հանձնեցին ավարտական վկայականները:
Հուլիսի 21-ին տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ