Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում իսպանացի անվանի կինոռեժիսոր, Կաննի միջազգային կինոփառատոնի 2010 թվականի ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեի ռետրոսպեկտիվ ծրագրի բացումն էր, ներկա էր նաեւ ռեժիսորը, իսկ նրա «Հարավը» ընդունվեց բուռն ծափահարություններով:
«Եթե ֆիլմը հանդիսատես չունի, ուրեմն չկա, գոյություն չունի: Այնպես որ ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնելով»,- ֆիլմի ցուցադրումից առաջ ասաց Էրիսեն: Կինոն նրա ձեւակերպմամբ արվեստի միջոց է, որը ստեղծված է կամրջելու տարբեր ազգի մարդկանց: Կինոռեժիսորն ասաց, որ շատ է լսել Հայաստանի մասին եւ այժմ ուրախ է լինել մի երկրում, որ կոչվում է Արմենիա:
«Հարավը» հուզիչ պատմություն է Ավգուստինի, նրա փոքրիկ դստեր՝ Էստրելլիտայի ու կորսված հայրենիք Անդալուզիայի մասին: «Հարավը» սկսվում է 1957 թվականից՝ Ավգուստինի ինքնասպանությունից, որը հետո վերաճում է հոր մասին Էստրելլայի հուշերի եւ երեւակայական պատկերների «պարսի», որի ընթացքում աղջնակը հասունանում է: Իսկ մինչ այդ աշխարհը եւ ընտանեկան գաղտիքները նրան ներկայանում էին դայակի պատմածով. «Մինչեւ պատերազմը քո պապը վատ մարդկանց հետ էր, հայրդ՝ լավ: Հետագայում, երբ Ֆրանկոն հաղթեց, պապդ սուրբ դարձավ, հայրդ՝ սեւ: Տեսնո՞ւմ՝ ես ամեն ինչ ինչպե՜ս է կառուցված. բառեր եւ միայն բառեր»:
Կարդացեք նաև
Հոր բաղձալի հարավը Էստելլային ներկայանում է բացիկների տեսքով, աղջիկը գիտի, որ հայրն այնտեղ սիրած կին է ունեցել, որը նկարահանվել էր կինոյում՝ Իրեն Ռիոս ծածկանունով:
Վիկտոր Էրիսեն ֆիլմի մեջ ֆիլմ է ցույց տալիս՝ Ավգուստինը ֆիլմ է նայում իր սիրելիի մասնակցությամբ «Ծաղիկը՝ ստվերում», մենք էլ Ավգուստինի ու նրա չկայացած սիրո մասին ֆիլմն ենք նայում՝ «Հարավը»:
Վերջինս անավարտ աշխատանք է՝ ինչ-ինչ ստեղծագործական կոնֆլիկտների ու ֆինանսական խնդիրների պատճառով, Էրիսեն չի հասցրել ցույց տալ իր ուզած հարավը, բայց միեւնույն է՝ ֆիլմը սքանչելի է ստացվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ