Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հերքեց այն լուրը, որ իրեն ազատելու են պաշտոնից եւ նշանակելու Ագրարային համալսարանի ռեկտոր: Այս առիթով Բադալյանը նշեց. «Նախ ասեմ, որ ցանկացած ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնը շատ ավելի պատվաբեր է, քան չինովնիկինը: Ես ինքս դասախոս եմ, մանկավարժ, շարունակում եմ իմ մանկավարժական գործունեությունն ու դա հաճույքով եմ անում, եւ Սահմանադրությամբ ու քաղաքացիական ծառայության մասին օրենքով ունեմ դրա իրավունքը: Իսկ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում: Ինձ պաշտոնից չեն զրկել, ես 6 տարի պաշտոնավարման ժամկետով եմ նշանակվել, եւ այն ավարտվելու է 2014 թվականին»:
Բադալյանն անդրադարձավ նաեւ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում իր ներգրավվածությանը. «Ես անկուսակցական եղել եմ, ու կամ: Բայց որպես քաղաքացի՝ունեմ քաղաքացիական հայացքներ ունենալու իրավունք: Բայց ասեմ, որ ես հիմա էլ դեմ եմ քաղաքացիական ծառայությունը գերկուսակցականացնելու քաղաքականությանը»,- ասաց Բադալյանը՝ ավելացնելով, որ եթե ընդգրկվել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ունի իր քաղաքական հայացքները, բայց այն իր աշխատանքային գործընթացին չի խանգարում. «Ես որեւէ կուսակցական պարտավորվածություն չունեմ: Ոչ մի կուսակցություն, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին՝ այսինքն ինձ, չի կարող հանձնարարություն տալ, որը ինձ համար կլինի կատարման ենթակա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ