Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն որոշել է՝ «Նախագահական ընտրություններին կգնանք սեփական թեկնածուով»

Հուլիս 10,2012 12:33

«Մենք պետք է առաջիկա նախագահական ընտրություններին գնանք սեփական թեկնածուով: Նախագահական ընտրությունների վերջնական որոշումը վերապահվել է Գերագույն ժողովին, որը որոշել է սեփական թեկնածուով գնալ»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա  ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը: Նրա խոսքերով՝ «Այսքան տարի մենք ժողով ենք անում եւ մի բացառություն չի եղել, որ ժողովից առաջ ստահոդ լուրեր չեն տարածվել, որ ՀՅԴ-ի մեջ ինչ-որ թեւեր են առաջացել, պառակտումներ կան եւ այլն: Այդ լուրերը չարդարացան, որովհետեւ ստահոդ լուրեր են»:

Նա նաեւ նշեց, որ ժողովում թեժ քննարկումներ են եղել եւ նոր Գերագույն մարմինը պետք է աշխատի վերացնել բոլոր այն թերությունները, բացասական երեւույթները, որոնց մասին Գերագույն ժողովում քննարկվել է:

Արմեն Ռուստամյանը խոսեց մեր խնդիրների մասին՝ մենաշնորհներ, արտագաղթ, կապիտալի արտահոսք. «Հարսնաքարի դեպքը էլ ավելի ցցուն ցույց տվեց, թե որքան անպաշտպան ենք մենք մեր երկրում»:

Իրենց առջեւ դրած հիմնական խնդիրներից մեկը պարոն Ռուստամյանը համարում է գործող իշխանության հեռացումը. «Շատ հստակ է, որ պետք է շատ կոնկրետ հարցադրումներով մտնել հրապարակ, համախմբել ընդդիմադիրներին ու հասարակությանը այդ գաղափարի շուրջ՝ նախ դա Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով պետք է տեղի ունենա, որ հրաժարվեն այս նախագահական համակարգից եւ անցնենք խորհրդարանական համակարգ: Անհրաժեշտ է ապակենտրոնացնել իշխանությունը, վերահսկման եւ զսպման մեխանիզմներ կիրառել այս իշխանության մեջ: Որ այդ ամենը չմնա թղթի վրա, պետք է ընդդիմությանը տալ իշխանություններին վերահսկելու լծակներ, ընդդիմությունն է լինելու այն ուժը, որ կարող է հակակշռել իշխանություններին: Այդպիսի լծակներ այսօր ընդդիմությունը չունի: Այս ուղղությամբ նորընտիր Գերագույն մարմինը պետք է արագ քայլեր ձեռնարկի, դրան կնպաստեն առաջիկա նախագահական ընտրությունները»:

Նորամուծություններից մեկն էլ այն է, որ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, այսպես ասած, տեղակալներն են լինելու Արսեն Համբարձումյանը եւ Աղվան Վարդանյանը, որոնք լինելու են Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031