Հատված Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան հիմնադրամի նախագահ Լեւոն Ներսիսյանի հարցազրույցից:
-Այսօր շատերն իրենց հարց են տալիս՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ հասանք այս տխուր հանգրվանին. հայ զինծառայողը սպանվում կամ վիրավորվում է ոչ թե սահմանում՝ հակառակորդի կրակոցից, այլ հայրենի «օլիգարխներից» մեկի զվարճանքի օբյեկտը «պաշտպանող» հաստավիզների ձեռամբ։ Դուք ունե՞ք հարցի պատասխանը։
-Այդ խնդիրը նոր չէ՝ ունի սոցիալական, կենցաղային խոր արմատներ։ Ավելի քան 20 տարի է՝ նմանատիպ միջադեպերը «նորմա» են դարձել մեր կյանքում. մարդկանց միջեւ ցանկացած անհամաձայնություն, «հարաբերություններ պարզելու» ցանկացած փորձ հանգեցնում է այսպիսի գազանային ռազբորկաների։ Այսինքն՝ այս պատմությունը Ռուբեն Հայրապետյանից չի սկսվել, ոչ էլ վերջանալու է «Հարսնաքարի» ցավալի միջադեպով. «թիկնապահ» ասածը պետք է ինչ-որ կերպ կանոնակարգվի մեր երկրում։
Եթե ես՝ հասարակ քաղաքացիս, քայլում եմ փողոցով, մտադիր չեմ հարձակվել որեւէ մեկի վրա, կարծում եմ, անիմաստ է թիկնապահների մի ամբողջ բանակ պահել ինձանից «պաշտպանվելու» համար։ Իսկ եթե իրենց նմաններից պետք է պաշտպանվեն, պետք է լինեն հստակ չափանիշներ՝ ովքեր կարող են նման ծառայություն իրականացնել, ինչ իրավասությունների շրջանակում եւ այլն։
Նորմալ երկրներում կան նմանատիպ ինստիտուցիոնալ կառույցներ. եթե ուզում ես ապահովել քո անվտանգությունը, դիմում ես նրանց, եւ նրանք գիտեն՝ ինչպես դա անել։ Իսկ եթե փողոցային «հեղինակությանը» բերում, դարձնում ես թիկնապահ, ապա՝ ներողություն. դա պահնորդական ծառայություն չէ՝ հասարակությանը նետված մարտահրավեր է։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ փողոցից մեկին վարձել ես, որ պաշտպանի քեզ քո նմաններից», նա պետք է ունենա համապատասխան արտոնագիր, գիտելիքներ եւ փորձ։ Այստեղ կան բազմաթիվ ստորջրյա խութեր, ռիսկեր, որոնք անպայմանորեն պետք է կանոնակարգված լինեն ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական, ե՛ւ հոգեբանական հարթության վրա։ Հակառակ դեպքում անընդհատ կբախվենք նման խնդիրների եւ երբեք չենք կարողանա դուրս պրծնել այս արատավոր շրջանից։
Երրորդ՝ մենք պատերազմ անցած երկիր ենք. մարդկանց ձեռքին շատ զենք կա։ «Մարտի 1»-ին ակտիվիստներից մեկի «օբյեկտում» մի ամբողջ զինանոց հայտնաբերեցին, եւ ի՞նչ։ Այսօր նա ազատության մեջ է, նույնիսկ շարունակում է զբաղվել «քաղաքականությամբ»։ Այսինքն՝ պրոբլեմը տարողունակ է, խիստ բազմաշերտ։
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ՝ բոլորի աչքի առաջ զենք են տալիս-առնում, եւ դա դառնում է յուրատեսակ խթան, ընդօրինակման առարկա շատերի, հատկապես երիտասարդության համար։ Հարց եմ տալիս՝ որեւէ մեկը, բացի ոստիկանությունից (որ հազիվ թե լրջորեն է զբաղվում այս խնդիրներով), վերլուծո՞ւմ է, հետեւություններ անո՞ւմ է այս ամենից։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»