Ազատության հրապարակում հուլիսի 25-ին ժամը 18:00-ին, տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ «Խորան» կրոնական կառույցի գործունեության: Այս մասին «Առավոտին» տեղեկացնում է Միացյալ Երիտասարդական Լիգայի (ՄԵԼ) համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: «Մեր նպատակն է` ՀՀ կառավարությանը կոչ անել օրենքով դադարեցնել այդ աղանդի գործունեությունը Իսպանիայում եւ Հայաստանում: Բազմիցս բարձրաձայնել ենք Իսպանիայի հայ համայնքի անմխիթար վիճակի եւ «Խորանի» ղեկավարների կողմից շահագործման մասին: «Խորանը», ինչպես այլ աղանդներ, նպատակ ունի քայաքայել Հայաստանը, իսկ ղեկավար Հրաչյա Խաչատրյանը սպառնում է վերացնել այն երիտասարդներին, ովքեր պայքարում են իր դեմ»,-ասում է Սեւակ Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ «Խորանը» թալանում է նաեւ Հայաստանի իր անդամներին . «Բացի այդ, «Խորանի» ղեկավարը բացահայտ վարկաբեկում է Հայ Առաքելական եկեղեցուն եւ հոգեւորականներին: Իսկ Իսպանիայի տուժածները հայտնել են, որ իրենց երեխաները շահագործվում են Խաչատրյանի բիզնեսներում: Նրա կինը` Գայանե Խաչատրյանը, այցելում է «Խորանի» կին-անդամներին եւ սպառնում վնասել նրանց երեխաներին, քանի որ ամուսիններն ինֆորմացիա էին տալիս ՄԵԼ-ին»:
ՄԵԼ համանախագահը նաեւ ասում է, որ Իսպանիայի հայերն ուրախացել են հանրահավաքի մասին լուրը լսելուց հետո. «Հույս ունեն, որ միջազգային հանրությունը կտեղեկանա տվյալ աղանդի հետեւանքների մասին, եւ որ ՀՀ կառավարությունը կձեռնարկի համապատասխան քայլեր` իրենց այդ վիճակից դուրս բերելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ