Հայտնի էպոսագետ Վարդան Սեդրակյանը վերջերս հայտարարեց ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հատված նրա հետ հարցազրույցից:
– Դուք պնդում եք, որ գալիս եք ու հաղթելու եք նախագահական ընտրություններում։ Հաշվի չե՞ք առնում այն ահռելի վարչական ու ֆինանսական ռեսուրսները, որ ունի գործող նախագահը։ Ի վերջո, ձայներ «հաշվողն» էլ են իրենք:
– Ոչ թե ես պետք է մտածեմ Սերժ Սարգսյանին հաղթելու մասին, այ ինքը պետք է մտածի իր ապագա անելիքների մասին։ Մեծ հաշվով, նա երեք տարբերակ ունի։
Առաջին տարբերակ. Սերժ Սարգսյանն առաջադրում է իր թեկնածությունն ու իր իմացած եղանակներով՝ փող բաժանել, վարչական ռեսուրսի օգտագործում, իրական արդյունքների կեղծում եւ այլն, փորձում է ինքն իրեն հռչակել նախագահ։ Եվ այս ամենը, իհարկե, ավարտվելու է ուժային պայքարով։ Միեւնույն է, ես չեմ ճանաչելու ընտրությունների արդյունքներն ու իմ համակիրների հետ շարունակելու եմ պայքարը։ Հետո՝ մասսայական գնդակահարություններ 2008-ի մարտի 1-ից ավելի մեծ մասշտաբներով։ Վերջը՝ քաղաքացիական պատերազմ եւ Սերժ Սարգսյանի տապալում: Եթե բախտը բերի՝ կդատեն, իսկ եթե ոչ, ապա՝ Քադաֆիի օրինակը։
Կարդացեք նաև
Երկրորդ տարբերակ. Սերժ Սարգսյանն առաջադրում է իր թեկնածությունն ու փորձում է արդար ընտրություններ անցկացնել։ Ընթացքից արդեն զգացվում է, որ պարտություն է կրելու։ Այդ ժամանակ իրեն շրջապատող «գայլերի ոհմակը», իսկ հենց այսպես է դեռեւս ժամանակին վարչապետ Սերժ Սարգսյանն անվանել Հանրապետական կուսակցությունը, չեզոքացնում է թույլ ու պարտվող առաջնորդին եւ ներկայանում ինձ մոտ։
Երրորդ տարբերակ. Սերժ Սարգսյանն աշնանը հրաժարական է տալիս եւ չի առաջադրում իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։
Կարծում եմ՝ վերջին տարբերակն է ամենաիրատեսականն ու ամենաապահովը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Հայացք»