ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է իրեն դիմած «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների նամակը, որով պահանջվում է հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ, այս մասին Tert.am–ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի:
Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որևէ միջամտությունից»,- ասված է Հովիկ Աբրահամյանի պատասխան գրության մեջ: