Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԻԱ-ն առաջարկում է կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը

Հուլիս 10,2012 11:41

Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կանոնակարգելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նույնպես  քննարկվող հիմնախնդրի վերաբերյալ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ:

Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ա. Սարիբեկյանի ստորագրությամբ վավերացրած փաստաթղթում հարց է բարձրացվում Երևանում իրականացվող կանաչապատման աշխատանքների հիմնախնդրի մասին: Նշվում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են թերություններով, իսկ դեռ պահպանվող կանաչ տարածքներն էլ հիմնականում «պատկանում են որոշ սեփականատերերի և ծանրաբեռնված են սրճարաններով, ապակեպատ կամ բետոնապատ անհրապույր և քաղաքի ընդհանուր տեսքին չհամապատասխանող» շինություններով:

Այս առումով հատկապես մատնանշվում են Օպերային թատրոնին, մետրոյի «Երիտասարդական» կայարանին, պետական կոնսերվատորիային հարակից հատվածները, Օղակաձև  զբոսայգին և այլն: Աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվում է նաև մայրաքաղաքի թաղամասերում և բակերում առկա բազմաթիվ հիմնախնդիրների վրա, առաջարկում  դրանց լուծման մի շարք ուղիներ:

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում գործում է այն տրամաբանությունը, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելիս պահպանում են իրենց պատմական հին քաղաքը: Որպես կանոն, այդ քաղաքները բաժանվում են երկու մասի՝  հին քաղաքի և նոր քաղաքի: Մեր Երևանում այդ սկզբունքը չի գործում, այլ նման է «նորացված»  «հին» քաղաքի: Չկան ճարտարապետական ճիշտ և քաղաքի տրամաբանությանը համապատասխան լուծումներ»,- գրում է երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրենը: Նա անդրադառնում է ճարտարապետական այնպիսի  հուշարձանների, ինչպիսիք են «Փակ շուկան» և Հյուսիսային պողոտայում, Պուշկինի, Արամի, Բուզանդի, Աբովյան փողոցներում գտնվող մի շարք պատմամշակութային նշանակության կառույցները կամ ստորգետնյա անցումները:

Առաջարկությունների փաթեթում ներկայացվում են Երևանի Փոքր կենտրոնի քաղաքաշինական հիմնախնդիրների լուծման մի շարք տարբերակներ: Մասնավորապես առաջարկվում է Երևանի կենտրոնում առանձնացնել «Հին» Երևանը և քաղաքի կառուցապատման աշխատանքներն իրականացնել դրանից դուրս, կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը, ապամոնտաժել քաղաքի կենտրոնում ցածրահարկ շենքերի ճակատային մասերում արված բարեկարգումները ու շենքերը բերել իրենց նախկին՝ հատակագծային տեսքին և այլն:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031