Դեռեւս անորոշ է Արմավիրի Մրգաշատի ընտրությունների վերջնական արդյունքը։ Այս համայնքում թեեւ գործող համայնքապետը ստացել է իր մրցակցից ավելի քվեներ, սակայն նրանց երկուսի քվեների տարբերությունն անվավեր քվեաթերթիկների թվից պակաս է, եւ չի բացառվում, որ վերահաշվարկ լինի։ Մրգաշատում գործող գյուղապետ, 4-րդ անգամ առաջադրված ՀՀԿ անդամ Գեւորգ Դանիելյանը ստացել է 1.244 քվե, իսկ նրա կուսակից, ինքնառաջադրված Լավրենտ Մարտիրոսյանը՝ 1.169: Մեր տեղեկություններով, գյուղապետի ընտրություններն ավարտվել են ծեծկռտուքով, որը ծագել է ձայների հաշվարկից հետո, երբ պարզվել է, որ գյուղապետի պաշտոնում, նախնական տվյալներով, հաղթող է ճանաչվել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Գեւորգ Դանիելյանը։ Նախնական արդյունքները դուր չեն եկել Լավրենտ Մարտիրոսյանի կողմնակիցներին, եւ դժգոհությունը վերածվել է քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 1-ին։ Բանն այն է, որ Լավրենտ Մարտիրոսյանին սատարում էր գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»