Այսօր Aravot.am- հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր անհամաձայնությունը հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն դիտարկումներին, որ ԲՀԿ-ն միայն իր շահով է առաջնորդվում, ցուցադրական կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին՝ քարոզչական նպատակներով, իսկ Սեւանա լճից ջուր բաց թողնելու օրինագծին՝ կողմ, որովհետեւ իրենց օլիգարխների օբյեկտները մնում էին ջրի տակ:
Տիկին Սարգսյանի խոսքերով՝ «Ես հարգում եմ Զարուհի Փոստանջյանի կարծիքը, բայց միշտ չէ, որ համամիտ եմ: Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» կարծիքն է արտահայտել, ես ուրախ կլինեի, եթե ԲՀԿ-ն միանար մեր ձայներին, բայց նրանք ունեին իրենց հիմնավորումը՝ ասելով, որ դա օգնելու է գյուղացիներին՝ ոռոգելու իրենց հողերը: Այդ հիմնավորումով նրանք կողմ քվեարկեցին: Կա հարցերի շրջանակ, որտեղ մենք կարող ենք համագործակցել, համաձայնեցվում է, եւ մեր տեսակետները համընկնում են: Նույն «Դաշնակցության» եւ «Ժառանգության» հետ էլ կարող են խնդիրներ լինել, երբ մենք կողմ ենք, իրենք դեմ են, կամ երբ իրենք կողմ են, մենք դեմ ենք: Դա աշխատանք է, քաղաքական ուժերի մոտեցում է, որը կարող է տարբեր լինել՝ տարբեր իրավիճակներում, տարբեր խնդիրների շուրջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև