Էլեկտրացանցը մեկ ամսում չի՞ կարողանում տեխնիկական բնութագիր տալ
Հայաստանյան վարորդների և հետիոտների շրջանում բազմաթիվ են դժգոհությունները` կապված լուսացույցների չաշխատելու կամ թերի աշխատելու հետ: Խնդիրը հուզում է նաև վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ին: Կազմակերպությունը լուսացույցների առումով բազմաթիվ դժգոհություններ է ստանում:
«Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` լուսացույցների կիրառումը ոչ բավարար է հատկապես Փոքր կենտրոնից հեռու գտնվող փողոցներում: «Օրինակ Գյուլբենկյան – Արամ Խաչատրյան խաչմերուկում երևի մեկ ամիս է` լուսացույցները տեղադրել են, բայց մինչև հիմա չեն աշխատում: Ինչի համար են տեղադրել, եթե չեն աշխատում»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ նրա`այս խաչմերուկը միակը չէ: Կազմակերպությունը բազմաթիվ զանգեր ու դժգոհություններ է ստանում վարորդներից, ովքեր տեղեկացնում են, որ այս կամ այն խաչմերուկին տեղադրված լուսացույցն անջատված է, չի աշխատում: «Աքիլլես» ՀԿ նախագահի խոսքով` կազմակերպության միջամտությունից հետո են միայն դրանք սկսում աշխատել: «Կան լուսացուցային օբյեկտներ, որտեղ լուսացույցները դեռ հին նմուշի են, լամպային լուսացույցներ են: Հնարավոր է, որ դրանք պարբերաբար չաշխատեն»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՃՈ Ճանապարհային երթևեկության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Դանիել Դանիելյանը: Ըստ նրա` ՃՈ-ն պարբերաբար միջոցներ է ձեռնարկում խնդիրը լուծելու համար: «Ամեն տարի 10-20 խաչմերուկներ վերազինում ենք նոր լուսադիոդային լուսացույցներով, որոնց այրվելու հավանականությունը շատ քիչ է: Մինչև տարեվերջ ևս 15-17 խաչմերուկում լուսացույցները կնորացվեն»,-նշեց Դ. Դանիելյանը: Նրա խոսքով` լամպային լուսացույցները շատ քիչ են մնացել, դրանք հիմնականում ծայրամասերում են: Ինչ վերաբերում է Գյուլբենկյան – Արամ Խաչատրյան խաչմերուկում տեղադրված, բայց մինչ օրս չաշխատող լուսացույցին, ապա Դ. Դանիելյանը նշեց, որ այնտեղ տեղադրված են ոչ թե լուսադիոդային, այլ վերանորոգված լուսացույցներ: «Այնպես չէ, որ լուսացույցը տեղադրվեց, կոճակը սեղմենք ու աշխատի: Էլեկտրացանցի կողմից պետք է տեխնիկական բնութագիր տրվի»: «Աքիլլես» ՀԿ նախագահի խոսքով` լուսացույցն արդեն մեկ ամիս է` տեղադրված է: Այս հարցադրմանն ի պատասխան Դ. Դանիելյանը նշեց. «Ինչ կախված է մեզանից, մենք արել ենք, սպասում ենք էլեկտրացանցին»:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն