Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Հանրապետության նախագահը և ԻԻՀ ՆԳ նախարարը երկուստեք կարևորել են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև փոխգործակցության ընդլայնումը, ինչը կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության և դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները: Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարևորել են նաև իրանահայ համայնքի դերը:
Երկու երկրների միջև համագործակցության խորացման և առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաև նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության և այլ ոլորտներում կապերի սերտացումը: