Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Գյուղատնտեսությունը երկնիշ աճ կունենա ոչ միայն ծիրանի հաշվին»

Հուլիս 09,2012 18:46

Դրամի արժեզրկումը պայմանավորված է ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներով: Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով` «Դոլարի եւ եվրոյի միջեւ եղած հարաբերություններն են որոշում մնացած բոլոր արժույթների վիճակը եւ այս պայմաններում, եվրոյի դիրքերի թուլացումը` կապված Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ մի շարք երկրների արտաքին ճգնաժամային պարտքի ֆոնի հետ, ԱՄՆ-ի տնտեսությունը դրական արդյունքներ է գրանցել,  սա անդրադառնում է անխտիր բոլոր երկրների վրա: Հատկապես հետխորհրդային երկրների արժույթներն էլ արժեզրկման միտում են արձանագրում»:

Պարոն Մանասերյանի վստահեցմամբ` քանի որ դրամի արժեզրկումը կապված է արտաքին ազդակների հետ, սա հուշում է, որ գների վրա շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ. «Բայց մի որոշ ապրանքների եւ ծառայությունների վրա, այնուամենայնիվ, ազդել է` բենզին-նավթամթերքներ, տեղական արտադրության մեջ` ցեմենտը»:

Տնտեսագետը նաեւ չբացառեց, որ հուլիսի կեսերից դրամը մի քիչ արժեվորվի` կապված գյուղատնտեսության սեզոնային աճի հետ. «Մեր կանխատեսմամբ` դրամի արժեզրկումը կպայմանավորվի նաեւ արդյունաբերության, զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտի զարգացմամբ: Նաեւ շատ չնչին չափով, բայց կարեւոր տենդենց է, շինարարությունը 1.5.-2 % աճ կունենա»:

Իսկ թե այս ամենը միասին քանի տոկոս տնտեսական աճ կապահովեն` մեր հարցին, պարոն Մանասերյանն ասաց, որ դժվար կանխատեսելի է. «Բայց եթե  մնացած հավասար պայմաններում տնտեսությունը շարունակի այս աճի տենդենցները, չենք բացառում, որ կարող է երկնիշ տնտեսական աճ լինել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ու էներգետիկայի ոլորտում»: Մեր այն դիտարկմանը, որ գյուղատնտեսության ոլորտում ծիրանի լավ բերք է ստացվել, սակայն այլ գյուղմթերքներ արտադրողները վնասներ են կրել թե եղանակային պայմաններից, եւ թե անորակ սերմացուների պատճառով, իսկ հանքարդյունաբերության ոլորտում էլ ընդամենը հումք արտահանող ենք, պարոն Մանասերյանն ասաց. «Հույսներս միայն ծիրանը չէ, բայց այն ոչ միայն ներքին պահանջարկն է ապահովում, նաեւ` արտաքին: Մտահոգությունները շատ են, թող չթվա, թե ինձ այս վիճակը բավարարում է, բայց ես որպես տնտեսագետ եւ հետազոտող այս ոլորտի, չեմ կարող դրական բաները չնկատել: Հանքարդյունաբերության աճ կա, բայց մտահոգում է, որ վերամշակող ճյուղերը բավարար մակարդակի վրա չեն: Պետք է ամեն կերպ խթանել վերամշակող ճյուղերը, որպեսզի դրանց տեսակարար կշիռը ոչ միայն արդյունաբերության մեջ բարձր լինի, այլեւ պատրաստի արտադրանք արտահանող երկիր լինենք, որը կբազմապատկի երկրի եկամուտները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031