Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց հայաստանյան կուսակցությունների արդիականացման անհրաժեշտության մասին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի°նչ ասել է արդիական կուսակցություն: Պարոն Աշոտյանը պարզաբանեց. «Կուսակցությունների նոր ձևերն ակնհայտ են այսօր ամբողջ Եվրոպայում: Դրանք ձևավորվում են դասական կուսակցությունների կողքին: Օրինակ՝ Գերմանիայի Ծովահենային կուսակցության ի հայտ գալը: Կուսակցությունները պետք է հարմարվեն և օգտվեն նոր տեղեկատվական հասարակության հոգեբանատեխնիկական հնարներից, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները քաղաքական դաշտում դառնում են լուրջ քաղաքական դերակատարներ»:
Դառնալով հայաստանյան իրավիճակին՝ պարոն Աշոտյանը նկատեց, որ մենք քիչ ենք հետ այդ զարգացումներից: Բացելով փակագծերը՝ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 24-26-ը տեղի կունենա հայկական քաղաքական կուսակցությունների առաջին «կլոր սեղանը»: Կմասնակցեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարանական կուսակցությունները: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ դա առիթ կլինի հայաստանյան փորձը փոխանցել ԼՂՀ-ին:
Իսկ Բաթումում վաղը մեկնարկելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության կազմակերպած արեւելյան գործընկեր երկրների գագաթաժողովը, որին մասնակցելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ:
Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի համար առաջնահերթություն է արտաքին կապերի զարգացումը ու տեղեկացրեց. «Մեր կապերը ԵԺԿ-ի հետ զարգանում են բոլոր ուղղություններով: ՀՀԿ երիտասարդական թեւը դիմել է անդամակցելու համար ԵԺԿ-ին, որը կքննարկվի աշնանը»:
Կարդացեք նաև
Ա. Աշոտյանը կարևորեց նաև ԱՊՀ տարածքում գաղափարակիր կուսակցությունների նոր ձևակերպումներ տալը և նկատեց. «ԱՊՀ տարածքում քաղաքական շփումները նույնականացվել են իշխանական շփումներին: Քաղաքական էլիտայի համար համապատասխան կուսակցական շփման եզրեր չեն եղել և կարծես թե միջկուսակցական հարաբերությունները միջպետական հարաբերություններով են ծածկվել»: Այս առիթով պարոն Աշոտյանը նշեց, որ Երեւանում աշնանը ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիայի» կողմից կկազմակերպվեն քաղաքական քննարկումներ՝ ԱՊՀ-ում միջկուսակցական հարաբերություններ զարգացնելու համար:
Իսկ թուրք գործընկերների հետ «կոնտակտների» մասին ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Երբ միասին մի տեղում ենք հայտնվում, ես ինքս եմ գնում կոնտակտի: Ադրբեջանցիները երբեմն ունեն մեզ հետ շփվելու բարդույթներ, իսկ մենք պաշտոնական կոնտակտներում բարդույթներ չունենք»:
Երբ հարց հնչեց, թե ՀՀԿ-ն ավելի շատ Եվրասիական կողմնորոշո°ւմ է որդեգրել, թե՞ «նայում» է դեպի Եվրամիություն, Ա. Աշոտյանը նշեց. «ՀՀԿ-ում ռուսամետների կամ եվրոպամետների դասակարգում չկա, բոլորն էլ հայաստանամետ են: Պարզապես որոշ քաղաքական գործիչների հրապարակային ելույթներում կարող են որոշ երանգներ երևալ: Ուստի քաղաքական լայն կապերի շնորհիվ ՀՀԿ-ն քաղաքական խանդի տեսարաններ չունի ոչ Բրյուսելի, ոչ Մոսկվայի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ