Մոտ 8 տարի առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հաշմանդամ ազատամարտիկներին փոքր կրպակներ նվիրեց, որպեսզի վերջիններս կարողանան ծխախոտ ու այլ մանր ապրանքներ վաճառելով օրվա հացը վաստակել: Արցախյան պատերազմի ժամանակ երկու ոտքը կորցրած 53-ամյա Հովհաննես Շեկոյանի պատմելով, ինքը իր կրպակը տեղադրեց Գյումրու Անի թաղամասի եկեղեցու դիմաց և այդպես էլ չկարողացավ աշխատեցնել ֆինանսների բացակայության ու առողջական ծանր խնդիրների պատճառով: Սակայն, երբ ազատամարտիկը, օրերից մի օր, որոշել էր այն որպես վարսավիրանոց ծառայեցնել, հայտնվել է հարկայինի տեսուչը` նրան պարտադրելով լիցենզավորել իր գործունեությունը: «3 օր առաջ հարկայինից եկան, ես տեսուչին բացատրեցի, որ ամբողջ հունիս ասվա մեջ 5000 դրամ եմ աշխատել, ես ո՞նց ամսեկան 16-17 հազար դրամ մուծեմ լիզենզավորման համար, ի՞նչ անեմ, հաշմանդամության թոշակիցս 12000 դրամ ավելացնեմ, տամ հարկայինին, որ պրծնե՞մ: Ախր ես իմ կյանքն եմ նվիրել, հիմա ասենք թե ինձ կրպակ են տվել սովից չմեռնելու համար, մեծ բա՞ն է: Առանց այդ էլ ազատամարտիկները անտեսված են, զրկված՝ բոլոր տեսակի արտոնություններից, պատկերացրեք ինձ ջրի վարձի համար դատի տվեցին, էս վիճակում դատարան տարան ու բերեցին: Իմ խնամքի տակ անչափահաս տղաս է, որին զրկեցին նպաստից, 15 տարի է նպաստ չենք ստանում, բա ու՞մ համար են էդ հանձնաժողովները: Իմ ընտանիքը յոլա է գնում իմ թոշակով, բայց ես միշտ էլ լռել եմ, չեմ բողոքել, հիմա ի՞նչ են ուզում, սա՞ է վերաբերմունքը: Սա՞ է իրանց պահած ազատամարտիկը, ես հողի ու ջրի համար կյանքս տվեցի, բայց իրանք ջրի ու կրպակի համար մարդ են դատում»-, վիրավորված է ազատամարտիկը:
Հարկային տեսուչի այցը այնպես է զայրացրել 3 անգամ ինֆարկտ տարած ազատամարտիկին, որ նրա ներկայությամբ կոտրել է իր իսկ կրպակի ապակե պատուհանները` խոստանալով, թե այլևս մոտ չի գա այդ կրպակին:
Այս մասին ավելի մանրամասն՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ