«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում այսօր ներկայացվեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային մրցույթի ֆիլմերից մի քանիսը:
Լուսկա Խալափյանի ֆրանսիական արտադրության «Յոթերորդը» ֆիլմը իտալական փոքրիկ քաղաքից Փարիզ եկած աղջկա մասին է, որը մորաքրոջ ուղարկած ծանրոցը պետք է հանձնի Էմիլիոյին: Մորաքույրը նպատակ է ունեցել հանդիպեցնել երիտասարդներին՝ խնամախոսության շրջանակում, սակայն Էմիլիոյի փոխարեն աղջիկը հանդիպում է այլ երիտասարդի: «Ֆիլմը հումորային է: Առհասարակ, ամեն ինչի ձգտում եմ հումորով մոտենալ եւ համարում եմ, որ հումորային ֆիլմն է հաջողվածը: Հետաքրքիր էր, որ վերջին պահին բոլոր դերասաններին փոխեցի՝ ֆիլմը նկարահանելով գրեթե 3 օրում»,-ասաց ռեժիսորը:
Վահագն Գրիգորյանի «Ես եմ» կարճամետրաժ-խաղարկայինի հերոսը գնում է պարտադիր զինվորական ծառայության՝ հետագայում նպատակ ունենալով ամուսնանալ ընկերուհու հետ եւ մեկնել արտերկիր: Վահագն Գրիգորյանը նշեց, որ ֆիլմն ապագա սերնդին ներկայացնում է բանակը՝ իր բոլոր պահանջմունքներով. «Համացանցում ֆիլմն արդեն ունի շուրջ 130.000 դիտում: Վստահ ենք, որ այն դեռ երկար կապրի, հատկապես՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 27-ին»: Ռեժիսորը հավելեց, որ ֆիլմն ունի նաեւ հումորային տարրեր, ինչը ներկայացնելն առավել պատասխանատու աշխատանք է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ