Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մասնակիցները:
Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց. «Ամեն անգամ հանդիպելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ոգեշնչվում եմ, որովհետև ծրագիրն իրոք այնքան հրաշալի է և գեղեցիկ, որ աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք է բերում հայ երիտասարդներին` համախմբում, մերձեցնում, միաժամանակ նրանց մեջ ամրապնդում ազգային մշակույթը, Մայրենի լեզուն պահպանելու, Հայրենիքը սիրելու զգացումը»: Ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին:
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի «Վիկտորիա և Գրիգոր Թյությունջյան» վարժարանի մայրենիի ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով «Արի տուն» ծրագրի իրականացման համար, նշեց. «Հայրենիքից դուրս լինել և մնալ հայ, ապրել հայկական ավանդույթներով դժվար է, սակայն ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը միմյանց են միացնում աշխարհի հայերին»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի Պերմի մարզի Հայկական մշակույթի կենտրոնի «Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ժասմեն Հայրապետյանը ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրեց Պերմի հայկական համայնքի մասին գրքեր և դպրոցի գործունեության վերաբերյալ տեսաերիզներ:
«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին կմասնակցի ԱՄՆ-ից, Վրաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Հոլանդիայից ժամանած շուրջ 200 երիտասարդ:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ