«Եթե ամեն ինչ ներողություն խնդրելով լիներ, ուրեմն քրեակատարողական հիմնարկներում դատապարտվածների առնվազն 50 տոկոսը պետք է դատապարտված չլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանի կողմից բռնության ենթարկված Արման Վեզիրյանի դեպքին:
Պարոն Սաքունցը չի կարծում, որ Արման Վեզիրյանը կհաշտվի բռնարարքի հետ ու չի բողոքի ոստիկանությունում. «Բայց խնդիրը Վեզիրյանը չէ, դա ոչ թե լոկալ գործողություն է կամ մեկուսի դեպք, խնդիրն այն է, որ բռնարարքի հետեւանքով մահացածի հիշատակի օրը, հերթական անգամ այդ բռնարարքը կատարվում է : Համակարգային բնույթ է այդ բռնության մշակույթը՝ որպես միակ ձեւ, որով կարելի է հարաբերվել քաղաքացիների հետ , դա վառ ապացույցն է օլիգարխիկ համակարգի : Այդ մանր խորամանկությունները, ներողություն խնդրելու եւ այլն, այն տարբերակը չէ, որով մենք միամտորեն կասենք՝ սրանով ամեն ինչ փոխվեց»:
Պարոն Սաքունցն ասաց, որ իրենք պահանջում են Հանրապետական կուսակցությանը՝ քննարկել ու դատապարտել այդ բռնարարքը. « Պարոն Հայրապետյանի կուսակցությունը , չդատապարտելով նման արարքները, իր բնույթով օլիգարխիկ է, իսկ օլիգարխիկ համակարգի համար, բացի իր շահերից, քաղաքացիների շահեր գոյություն չունեն, սա է ապացուցվում եւ որի հետ մենք հաշտվելու միտք չունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև