Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի ռեժիսորը վավերագրական ֆիլմում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը

Հուլիս 09,2012 15:40

Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյորանոցի «Վիվալդի» սրահում ներկայացվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթի հերթական ֆիլմերը:

Աննա Տերյանի «Սարե. Ճանապարհորդություն» ֆիլմը պատմում է նկարչի մասին, ով 90-ականներին հեռացել է Հայաստանից ՝ նպատակադրվելով շարունակել արվեստագետի իր ճակատագիրը: Ռեժիսորը նկարչի կերպարով ցանկացել է ցույց տալ հայի ճակատագիրը. «Ճամփորդելով՝ արվեստագետը միաժամանակ ապրում է 4 երկրում եւ ստեղծում հետաքրքիր նկարներ: Նա բողոքում է, որ իր նկարները չեն վաճառվում, սակայն ֆիլմի վերջում դրանք տեսնում ենք Փարիզի նշանավոր պատկերասրահներից մեկում կախված»,-ասաց Աննա Տերյանը:

Սեզար Կանայանի «Հայկական ռապսոդիան» տարբեր կերպարներից եւ երաժշտությունից ստեղծված «ճանապարհային» ֆիլմ է, որի հերոսները դեմքերն են ու երաժշտությունը: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմում կան ցեղասպանության մասին պատմող հերոսներ. «Ցանկացել եմ ցույց տալ հայկական մշակույթը եւ երաժշտությունը: Ֆիլմում կլսեք «Ռեինկարնացիայի» եւ Ռուբեն Հախվերդյանի գործերից»:

Ռուսական արտադրության «Առնո» ֆիլմը պատմում է անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին՝ ներկայացնելով նաեւ Արմեն Ջիգարխանյանի, Իոսիֆ Կոբզոնի հուշերը: Ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը շատ ֆիլմեր է տեսել կոմպոզիտորի մասին, սակայն այս մեկով ցանկացել է ներկայացնել նրան որպես հայ մարդ. «Երբ նրան ասում էին, որ Մոսկվայում է ապրում, Բաբաջանյանը պատասխանում էր՝ «ես բնակվում են Մոսկվակում, բայց ապրում՝ Երեւանում»: Ֆիլմը ռուսալեզու է եւ առավելապես հասցեագրված է ափյուռքի հանդիսատեսին»:

Էրիկ Նազարյանի «Պոլիս» վավերագրականն ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտ, Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Արմենակ Մուրադյանի պատմությունն է: Հերոսը գալիս է Ստամբուլ՝ մասնակցելու ուդի փառատոնի, այցելում իր հին թաղը՝ փորձելով գտնել պապի հին խանութը եւ Ցեղասպանության ընթացքում անհետացած ընտանեկան ունեցվածքը: Ռեժիսորը պատմեց, որ Մուրադյանը հանդիպում է թուրք այրի Ռեյհանին, ով աշխատում էր հնամենի խանութում. «Իմ պնդմամբ՝ ֆիլմում օգտագործվել է «Ցեղասպանություն» բառը: Ֆիլմը նկարահանել եմ Ստամբուլում՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ նպատակ ունենալով հայի հոգեբանությունը ներկայացնել նաեւ սփյուռքահայերին: Թուրքական կողմը լավ է ընդունել ֆիլմը, եւ շուտով այն կցուցադրվի Թուրքիայի տարբեր քաղաքներում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031