Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովում այսօր մի խումբ երիտասարդներ քննարկում էին հեռուստաեթերի մաքրման հարցը: « Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանը նախ անդրադարձավ մի քանի շաբաթ առաջ ՀՀ նախագահին ուղղած իրենց նամակի քննադատություններին, թե այն թերի էր ու ոչ կոնկրետ. «Թյուրըմբռնման քարոզ դարձավ նամակը , համաձայն եմ, որ հնարավոր է՝ ինչ-որ շեշտադրումներ չենք արել, կարող ենք հստակեցնել, չնայած ահագին հստակ է, բայց քանի որ տարբեր մեկնաբանություններ արվեցին, ամեն դեպքում… նամակը ուղղված էր խնդիրներին, դրական կողմերին չէր վերաբերում, մենք կոնկրետ շեշտադրել ենք հակասոցիալական քաղաքականությունը, եթե այլ մեկնաբանություններ են գնացել, ընդունում ենք, պետք էր ավելի հստակեցնել, որ շահարկումներ չլինեին» :
Մանկավարժ, մշակութաբան Վիկտորյա Գասպարյանն էլ, միջամտելով, հարցրեց՝ հստակությո՞ւն եք ուզում, ես հստակ կներկայացնեմ իմ առաջարկները. «Առաջարկում եմ՝ օրվա մեջ 4 անգամ կրկնվող սերիալների փոխարեն մտցնել դպրոցական հաղորդումներ»: Վ. Միրաքյանն էլ նկատեց, որ եթերի անվերահսկելիությունը օրենքների բացակայությամբ է պայմանավորված:
Ըստ նրա, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) շատ են անտեղի քննադատում եթերը չվերահսկելու մեջ, բայց հարցը ամենեւին էլ ՀՌԱՀ-ի անգործությունը չէ. «ՀՌԱՀ-ն էլ է կողմ, որ որոշ փոփոխություններ արվեն, որովհետեւ ասում է՝ օրենքը կա, որ, օրինակ, չի թույլատրվում ագրեսիա այս ինչ ժամերին, բայց այդ օրենքը չեն կարողանում իրականացնել: Առաջին տպավորությունն է, թե ՀՌԱՀ-ն է պատասխանատու, բայց ՀՌԱՀ-ը որեւէ հնարավորություն չունի , որովհետեւ օրենքներ չկան»: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Զաքար Խոչաբալյանն էլ հավելեց, որ օրենքում պետք է հստակեցվի խախտումը արձանագրող չափորոշիչներ. «Դեռահասի վրա վատ անդրադարձող հաղորդումներ, հարց է առաջանում, ո՞րն է վատ անդրադառնում, ի՞նչ չափորոշիչներով է որոշվում՝ որն է վատ ազդում, որը՝ ոչ»:
Կարդացեք նաև
Զ. Խոչաբալյանն էլ հիշեցրեց իրենց առաջարկությունը ՝ գիտական մակարդակով կատարելագործել օրենքը ու ավելացնել պատժամիջոցները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ