Aravot.am-ի հուլիսի 4-ի «Վնասատու ցեցերը հարձարկվել են Արարատյան դաշտավայրի վրա ու ամբողջ բերքն ուտում են» հրապարակմամբ անդրադարձել էինք Դարակերտ համայնքի գյուղացիների այն մտահոգությանը, որ Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի եւ պղպեղի բերքն ամբողջությամբ ցեցն ուտում է, եւ գյուղացիները հույս անգամ չունեն, որ գոնե 10% բերք կհավաքեն, քանի որ կառավարությունը ցեցի դեմ պայքարի ոչ մի միջոց չի ձեռնարկում: Նյութում գյուղացիները նշել էին, որ վերջնական չեն հասկանում, թե ցեցը որտեղից է եկել, հնարավոր է՝ ներկրված սերմացուների միջոցով են ցեցերը Հայաստան հասել: Գյուղացիները նաեւ մտահոգություն էին հայտնել, որ նույնիսկ անհայտ է՝ մաքսատանն այդ սերմացուները փորձաքննության ենթարվե՞լ են, թե՞ ոչ:
Սերմացուների ներկրողներից է նաեւ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Այսօր Aravot.am-ը պարոն Բերբերյանին փոխանցեց դարակերտցիների մտահոգությունը եւ խնդրեց պարզաբանել: Այս առնչությամբ պարոն Բերբերյանն ասաց. «Եթե ես եմ, իրենք ինձանից են ձեռք բերել, ուրեմն` հենց այսօր գյուղատնտեսությունից կդադարեմ խոսել: Այդ պատվիրված տղաներին ասեք, հենց ստեղ չեմ՝ խոսում են իմ մասին, սկսում են անունս տալ: Այդ մարդիկ ազգությամբ հայ չեն, ովքեր պատվիրել են էդ մասին խոսել»:
Ըստ Հրաչ Բերբերյանի, ցեցերի թեման բարձրացնելը դրսի ուժերի պատվեր է, որոնք ուզում են մեծ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը. «Շատերին դա ձեռնտու է, հատկապես մեր հարեւան հանրապետություններին: Իրականում 1-2 ֆերմերի մոտ է եղել ցեց, նոր ենք ուսումնասիրում կարանտին տեսչության հետ: Անցյալ տարի նույն մարդը լոլիկի տարածքում նույն կուլտուրան է մշակել: Գյուղնախարարության խնդիրն է, որ գյուղացուն միշտ տեղյակ պահի` ագրոտնտեսական կանոնները պահպանելու համար: Չի կարելի կարտոֆիլի տեղը հաջորդ տարի նորից կարտոֆիլ ցանել: Սա էդ նույն լոլիկի պատմությունն է, թե`Հայաստանի լոլիկը ձկան գեներով են աճացրած եւ այլն: Այդ պատմություններն անցել ենք` դա թուրքն արած է, միայն թուրքը կարող է նման բան անել, որ մեր հայ գյուղացու արտադրանքը չվաճառվի: Հիմա ի՞նչ, Վրաստանը փակի, որ մենք լոլիկ ու կարտոֆիլ չարտահանե՞նք, է՞դ են ուզում, չկա տենց բան: Մի քանի ֆերմեր փորձում են հարվածել մեր տնտեսությանը: Տարել են լաբորատորիայում ստուգել են` ոչ մի լուրջ վտանգ չկա: Դա չի կարելի հանրապետական երեւույթի հետ կապել, ցեցը չի տարածվի` կարանտինն աշխատում է արդեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ