Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Կանթեղ» անսամբլի հերթական կոմիտասյան համերգը: Այն կլինի համերգ-դասախոսությունների շրջանակում:
ՀՀ. մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն ասաց, որ այս ծրագիրն այնպիսին է, որը խրախուսում է երիտասարդ ստեղծագործողներին: Իրենց կարծիքը անսամբլի գեղարվեստական ղեկավարի` Արփինե Կալինինայի մասին բարձր է, դրա համար էլ որոշել են աջակցել. «Վերջին տարիներին մենք համագործակցում ենք ոչ միայն Արփինեի, այլ նաեւ «Կանթեղ» անսամբլի մի շարք երիտասարդների հետ: Սա միայն միջոցառում չէ. ուսումնասիրություն է ոլորտում»:
Անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դաշնակահարուհի,
ՌԴ . «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինայի խոսքով` համերգներ կլինեն նաեւ մարզերում. «Կանթեղը իրականացնում է համերգ-դասախոսություններ կոմիտասյան համերգաշարով: Այս տարի լրանում է մեր հինգ ամյակը, հատկանշական է նաեւ, որ այս տարվա համերգը կլինի թվով 20-րդը: Մենք ներկայացնում ենք Կոմիտասի ստեղծագործությունները ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ունկնդրին: «Կանթեղ»-ը փորձում է համակողմանի ներկայացնել Կոմիտասին: Մինչ օրս կայացել է 19 համերգ: Մեր նպատակն է հասարակությանը եւ հատկապես երիտասարդներին մոտեցնել Կոմիտասին: Արձագանքները շատ են ու դրական: Համերգի ժամանակ տեսել ենք թաց աչքեր, համերգից հետո մոտեցել են սփյուռքահայեր ու ասել` շատ ենք ազդվել»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ