Հուլիսի 8-ին Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի մեկական գյուղական համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ Վայոց Ձորի Գետափ համայնքում` միաժամանակ նաև ավագանու ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների` Գետափում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Ալոյանը: 1 627 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 973-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 908 ընտրող, դեմ` 29-ը: 36 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Գեղարքունիքի մարզի Այրք գյուղական համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում վերընտրվել է գործող գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտյոմ Շաբոյանը: Համայնքի 341 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 249-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 239 ընտրող, դեմ` 3-ը: 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղական համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրվել է Անդրանիկ Արարատի Պողոսյանը: 290 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 156-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 141 ընտրող, դեմ` 12-ը: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Այս համայնքի նախկին ղեկավար Արարատ Պողոսյանը ապրիլի 9-ին մահացել էր:
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն