Գյուղացիներին ոռոգման ջուր մատակարարող «Ջրօգտագործողների միությունը» ջրի վարձը կամայական թանկացրել է. եթե նախկինում գյուղացիները 750 խմ-ի համար վճարում էին 11 հազար դրամ, այսօր ՋՕՄ-ը գյուղացիներից պահանջում է 17 հազար դրամ: Այս մասին «Հենարան» ակումբում հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով` ՋՕՄ-ը առանց հասարակական քննարկման ինքնակամ նորմատիվներ է ընդունել`փոխելով միջազգային չափանիշները, ըստ որի էլ ոռոգման ջուրը մոտ 6000 դրամով թանկացրել է: Պարոն Բերբերյանի ներկայացմամբ`«Մենք հիմա փորձում ենք ՋՕՄ-ից ստանալ նորմատիվները, բայց չեն տալիս: Իսկ ջրային պետական կոմիտեից պաշտոնական միջազգային նորմատիվները, որ ունենանք, հնարավոր է դատի տանք ՋՕՄ-ին: Իրենք իրենց գլխից նորմատիվներ են մշակել, տենց բան չի լինում: Քննարկում պետք է անեին ֆերմերների ու մասնագետների հետ»:
Պարոն Բերբերյանը նաեւ վստահեցրեց, որ այս տարի, այսպես ասած, ջրառատ տարի է եղել, եւ ջրամբարներում այնքան ջուր կա, որքան որ անհրաժեշտ է ոռոգման համար. Այսինքն` ոռոգելի հողերում ոռոգման հարցը լուծված է: Իսկ, այն, որ կառավարությունը Սեւանից ջուր բաց թողնելը պատճառաբանում է գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար, ըստ Հրաչ Բերբերյանի, դա ընդամենը պատրվակ է. «Այս տարի լավ ձյուն է եկել, անձրեւներ են գալիս, բա էդ ջրամբարների ջուրն ի՞նչ եղավ: Ես զարմանում եմ Վլադիմիր Մովսիսյանի վրա, որը Սեւանի հանձնաժողովն է ղեկավարում, որ էսօր լռում է: Այսօր Սեւանից ջուր վերցնելու կարիք չկա»:
Գյուղատնտեսի վստահեցմամբ` այսօր բոլոր այն ֆերմերները, որոնք գյուղնախարարության «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում էլիտար սերմացու են ստացել`վերադարձի պայմանով, այսօր մեծ վնասներ են կրում, քանի որ ցորենը կարճացողուն է եւ կոմբայնը չի կարողանում այն հավաքել. «Այսօր 4500 հեկտարի չափով կորուստ ունենք: Ներկրված ցորենի 8 սորտից 6-ը չի փորձարկվել Հայաստանում»:
Կարդացեք նաև
Ըստ մասնագետի, օրենքով 3 տարի սորտափորձարկում պետք է կատարվի, ինչը չի արվել ու առանց հասկանալու ցորենի այդ սերմացուն Հայաստանի կլիմայական պայմաններում կաճե՞ն, թե՞ ոչ, բաժանել են գյուղացիներին. «Պետք է խիստ պատժվեն այն մասնագետները, որոնք ներկրումը կազմակերպել են: Գյուղացուն այս վիճակում դնել կարող է միայն պետական չինովնիկը, որը մտածում է իր մասին, երբեք արտադրողի մասին չի մտածում, այ դրա համար դրանց պետք է կրճատել: Գյուղացուց 150-180 դրամ են պահանջելու 1 կգ-ի համար: Դիմում եմ վարչապետին, որպեսզի շատ ուժեղ վերահսկողություն կատարվի եւ այն մեղավորները պատժվեն, իսկ այն գյուղացիներին, որոնք այդ սերմերը ստացել են, ուղղակի ներեն ու այդ գումարը չպահանջեն, որովհետեւ դա մարդկային չէ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ