ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ նախագահի միասնական թեկնածու ինքը տեսնում է միայն ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարցին՝ ԲՀԿ-ում ներգրավված կուսակցականներին Մարտի 1-ի մասնակից համարո՞ւմ եք՝ նա պատասխանեց, որ «տեսականորեն ոչինչ չեմ բացառում, կապացուցվի հանցանքը՝ կտեսնենք: Ինձ զարմացնում է, որ կոնկրետ մի մասնակցի եք տեսնում հանցանքի մեջ: Ես գտնում եմ՝ պիտի պատժվեն բոլոր կարգադրողները, կատարողները, եթե այդ թվում կլինեն ԲՀԿ-ից մարդիկ, ընդդիմադիր դաշտից մասնակիցներ, կապ չունի, թե ինչ չափով են մասնակցել՝ պիտի դատապարտվեն»:
«Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ թեկնածու չէ, ուստի Aravot.am-ի հարցին՝ Դուք Րաֆֆի Հովհաննիսյանին խարիզմատիկ թեկնածու համարո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չեմ վարվի Արմեն Մարտիրոսյանի նման, հարգում եմ նրանց իրավունքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես խարիզմատիկ կերպար տեսնելու, ամեն դեպքում ես Լեւոն Տեր-Պետրոսյանին եմ տեսնում՝ որպես միակ թեկնածու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ