Հուլիսի 8-ին Լոռու մարզի Սարամեջ, Խնկոյան, Սարչապետ, Ահնիձոր համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սարամեջում և Սարչապետում միաժամանակ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, Խնկոյանում և Ահնիձորում` համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Համայնքի 1 709 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են
685-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 663 ընտրող, դեմ` 18-ը: 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Սարամեջի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Նրա օգտին քվեարկել է 372 ընտրող: Մյուս թեկնածուն` գյուղապետարանի սանտեխնիկ, անկուսակցական Համեստ Տեր-Ավագյանը, ստացել է 45 քվե:
1 024 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 423-ը: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ի տարբերություն վերոհիշյալ 2 համայնքների, Խնկոյանի գյուղապետի ընտրություններում գործող գյուղապետ, անկուսակցական Վարուժան Համբարձումյանն իր մրցակցից 2 քվե պակաս է ստացել: Գյուղապետի օգտին քվեարկել է 65 ընտրող, իսկ անկուսակցական Արթուր Ղազարյանի օգտին` 67-ը: Համայնքի 223 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 138-ը: 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն