Մաքուր խմելու ջուրը դուրս է հորդում աղբյուրից հենց ծառերի շվաքի տակ: Աղբյուրի տակ Ազատ գետի կիրճն է: Իսկ աղբյուրից ընդամենը 150-200 մետր հեռավորության վրա Հայաստանի միջնադարյան Հավուց Թառ վանական համալիրն է: Եւ այդ բոլորը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում է, որըԲնության պահպանության միջազգային միության (IUCN) կատեգորիայով ունի պահպանության ամենաբարձր մակարդակը:
Արգելոցի մուտքից դեպի աղբյուր տանում է արահետը: Նրանով կարելի է անցնել 1 կիլոմետր 700 մետր ճանապարհ, այսինքն այն տարածությունը, որը նախատեսված է ճանապարհի կառուցման համար: Ճանապարհը, ինչպես բացատրում է Բնապահպանության նախարարությունը, կառուցվում է հակահրդեհային միջոցառումների իրականացման նպատակով: Ճանապարհի կառուցումը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: Քննարկվում է այն վարկածը, որ իրականում օլիգարխներն ու բարձրաստիճան չինովնիկները մտադիր են Խոսրովն իրենցով անել:
Տեղում իրավիճակը պարզելու համար հուլիսի 6-ին Խոսրով մեկնեց խումբ, որի կազմում էր WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչ Արման Վերմիշյանը, իրավաբան Մերի Խաչատրյանը եւ «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Տեղում խմբին միացան արգելոցի աշխատակիցները եւ Թեղուտի պաշտպանները:
Հին ճանապարհը, որով նախկինում տեղափոխվում էին արգելոցի մեքենաները, ընդլայնվում է: Ծանր տեխնիկան արդեն հասել է այն վայրը, որտեղ հին ճանապարհն ավարտվում է: Ավելի հեռու մեքենայով ճանապարհ չկա: Դեպի աղբյուրը տանող ճանապարհը նեղ արահետ է` ոտքի ճամփա: Խոսրովի արգելոցի Գառնիի տեղամասի պետ Սարգիս Հովհաննիսյանը բացատրում է. «Այդ բարեկարգված ճանապարհը մեծ նշանակություն ունի մեր աշխատանքների հետ կապված եւ այդ հրդեհավտանգ շրջանի հետ կապված: Ինչի համար, եթե այսօրվա դրությամբ մենք պատկերացնում ենք, որ ճանապարհը տեղում վերջանա` ինչքան որ սարքել են, այդտեղ փակվի, դա միանշանակ սխալ է: Ես համաձայն չեմ: Ճանապարհը մինչեւ աղբյուրի մոտ պիտի գնա: Կա դրա պարզ պատճառը. այսօրվա վիճակով աղբյուրը եւ ճանապարհը մոտավորապես մի 400 մետր հեռու են գտնվում իրարից, հիմա ո՞վ գիտի` հրդեհը որտեղ է սկսելու: Եթե իմանանք, նախօրոք այդ հրդեհը կկասեցնենք: Երկրորդը, իսկ 400 մետր գնալ հետ գալը լինում է 800 մետր: Աղբյուրի մոտ գնում են լվացվելու, աղբյուրից ջուր չեն բերում: Դա մի աշխատանք: Եւ այդ աշխատանքները, որ վերցնում ես, հերթական դնում ես բաց դաշտի վրա քվեարկում ես, միմիայն տեղի աշխատողը կարող է իմանալ դրա առավելությունները, իսկ այսօրվա վիճակով մենք սեղանի շուրջ նստած ոչ մեկս էլ չենք կարող ցույց տալ` որն է ճիշտ, որն է սխալ»:
Կարդացեք նաև
Բացատրությունը պարզ է:
Այժմ առարկությունները:
Խոսրովի արգելոցը մոտ 30 000 հա տարածք ունի: Եւ ամեն մի հատվածում կարող է հրդեհ բռնկվել: Ինչո՞ւ են որոշել ճանապարհ կառուցել հենց այնտեղ, որտեղ գտնվում է զբոսաշրջիկների այցելության ամենաակտիվ վայրը` Հավուց Թառ վանքը եւ աղբյուրը: Մի՞թե մոտ 2 կմ հարթեցնում են միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը հրդեհ մարի, կարողանան լվացվել: Եւ ո՞վ երաշխիք կտա, որ ճանապարհն օգտագործվելու է միայն հրդեհների կամ այլ աղետների դեպքում, մեր կարծիքով` ոչ ոք:
Հիշեցնենք, որ արդեն մեկ ու կես տարի է` Բնապահպանության նախարարությունը չի կարողանում որոշել, թե ինչ անի անավարտ ռեստորանի հետ Բայբուրդ թաղամասում (կամ Գիլան): Արգելոցի կենտրոնում ռեստորանը վեր խոյացավ զբոսաշրջային կենտրոնի անվան տակ, ինչի համար 118 հա տարածք դարձրեցին արգելավայր, այսինքն` պահպանման ցածր կարգավիճակով հատուկ պահպանվող տարածք: Այժմ տեղամասին վերադարձվել է արգելոցի կարգավիճակը, իսկ կառույցը մնացել է: Այս ընթացքում շինությունը քիչ-քիչ խալխլվում է: Շինանյութի վրա խոտ է աճել: Չամրացված տանիքը կարող է փլվել: Բոլոր չափանիշներով այդ կառույցը` որպես անօրինական, պետք է քանդվի: Սակայն կառավարությունը հասարակայնության այս առաջարկությունը չընդունեց: Թե ով կդառնա այդ շինության տերը եւ ավարտին կհասցնի դրա կառուցումը, դեռ պարզ չէ: Այժմ դրան գումարվում է նաեւ ճանապարհը:
WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանն ասում է. «Արգելոցի մեջ օպերատիվ տեղաշարժման համար ամենալավ միջոցը ձին է: Եւ բնապահպանական հիմնադրամները կարող են օգնել արգելոցին այդ հարցում»:
Ինչ վերաբերվում է ճանապարհին, ապա Կարեն Մանվելյանն առաջարկում է դադարեցնել շինարարությունը, ճանապարհ չգցել զբոսաշրջային արահետի վրա, որպեսզի զբոսաշրջիկների կամ պարզապես մաքուր օդի սիրահարների մեջ աղբյուրի մոտ պիկնիկներ անցկացնելու գայթակղություն չառաջանա: Նա նաեւ կարծում է, որ պետք է ուղեփակոց տեղադրել այդտեղ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ