Այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի ՀԱԿ-ից դուրս գալուն՝ լրագրողները ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցին՝ էլի՞ ՀԱԿ-ը մաքրվում է, ինչպես ցանկացած մեկի դուրս գալուց ասում է Լեւոն Զուրաբյանը՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ Դավիթ Շահնազարյանի պարագայում կարելի է նման ձեւակերպում տալ: Նա ունի պայքարի շարունակության այլ մոտեցում, ես հարգում եմ նրա տեսակետը, ընդունում եմ նրա որոշումը եւ չեմ պատրաստվում քննարկել նրա որոշումը: Դավիթ Շահնազարյանը նույնքան մտահոգ է, որքան ՀԱԿ-ը, մեր պայքարը շարունակվելու է: Մենք պիտի հանդուրժող լինենք այլ կարծիքների նկատմամբ, պիտի կարողանանք հարգել մեր ընկերոջ որոշումը»:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում նրա հայտարարությանը, որ այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն՝ տիկին Սարգսյանը վստահեցրեց, որ նա նկատի ուներ ԲՀԿ-ին, մեր կարծիքը մի փոքր այլ է, ես չեմ համարում, որ ՀԱԿ-ը թուլացել է, իհարկե, Դավիթ Շահնազարյանի ներկայությունը ՀԱԿ-ում շատ արդյունավետ էր: Յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր քաղաքական դեմք հարստացնում էր ՀԱԿ-ը, բայց կան պայքարի տարբեր ձեւեր, որոնք այնքան էլ հեշտ չի համատեղել»:
Հաշվի առնելով, որ բոլոր քաղաքական գործիչները, որոնք դուրս են եկել , ԲՀԿ-ին ուղղված ուղերձներն ու հարաբերություններն են եղել պատճառը, սա չի՞ նշանակում, որ Ձեր այդ նոր կուրսը կազմաքանդում է ՀԱԿ-ը՝ հարցին տիկին Սարգսյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ում եղած կուսակցությունների թիվն ավելի մեծ է, քան դուրս եկածների: Ինչ ուղղություն էլ վերցնես, լինելու են քաղաքական ուժեր, որ համամիտ չեն լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ