Հայաստանից բարձր տեխնոլոգիաների մասնագետների արտահոսք կա, բայց` 7-8% տոկոսով, ինչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ՝ այդքան էլ մեծ թիվ չի կազմում եւ բացի այդ, ինչ-որ առումով էլ օգուտ է մեր երկրին: Պարոն Ենգիբարյանը «Նոյյան տապան» մամուլի ակումբում ամփոփեց Տեղեկատվական տեխնոլոգիաների իրավիճակը եւ ոլորտի զարգացումը Հայաստանում՝ 2012թ. առաջին կիսամյակին:
Ըստ նրա, այլեւս «Միջին աշխատողն իրեն չի տեսնում արտասահմանում, ինչը ողջունելի է, նա համալսարանն ավարտում է՝ միանգամից 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա բարձրանում է՝ հասնելով 800 հազար դրամի»:
Ուղեղների արտահոսքի դեմ պայքարելը ճիշտ չէ, համոզված է պարոն Ենգիբարյանը: Ըստ նրա, ճիշտ է այդ մասնագետներին ներգրավել սեփական երկրի զարգացումներին. «Ինչը իդեալական անում են հնդիկները, հրեաները: Ինչպես անեն, որ այդ մասնագետը հետագայում կապվի Հայաստանի հետ: Այս պահի դրությամբ, միայն Հայաստանից գնացած 80 հայ կա Մայքրոսոֆթի կենտրոնակայանում աշխատող: Հիմա նրանք ամեն մեկը 3 ամիսը մեկ գալիս են Հայաստան ու մեր մասնագետների համար հատուկ սեմինարներ են անում եւ մեր մասնագետներին ասում են, թե օրինակ` Մայքրոսոֆթն ինչի վրա է աշխատելու 3 տարի հետո: Ինչը դու հնարավորություն չես ունենա կյանքում իմանալու, եթե անգամ զանգես Բիլ Գեյթսին: Նրանց պետք է հնարավորություն տալ այստեղ կազմակերպություն բացել»:
Aravot.am-ի հարցին, թե հատկապես մարզերում բնակչության ցածր տոկոսն է ինտերնետիֆիկացված, այդ պայմաններում ինչպե՞ս է հնարավոր բարձր տեխնոլոգիաներ զարգացնել, պարոն Ենգիբարյանն ասաց. «Դուք այլ տեսանկյունից հարցին նայեք, արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են օգնել, ընդհանուր հասարակության զարգացմանը, ասենք` օգնի գյուղատնտեսին լավ գյուղատնտես, ոսկերիչին լավ ոսկերիչ, կոշկակարին լավ կոշկակար դառնա»:
Կարդացեք նաև
Այդ առումով հիմնադրամի տնօրենն ասաց, որ ներկայումս պետությունը 2 խոշոր ծրագիր է նախաձեռնել, ինչի շնորհիվ մարզերում համաչափ պետք է զարգանա այս ոլորտը: Ըստ պարոն Ենգիբարյանի, այսօր դաշտը կարող է 2000 որակյալ մասնագետ մարսել, ինչի պակասը, սակայն, զգացվում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ