ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8-ը Լոռիում գումարեց իր 17¬րդ Գերագույն Ժողովը։
Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժեւորում եւ նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները։
Գերագույն Ժողովն ընթացավ միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում։ Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյուների վրա խարսխված իր գործունեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում։
ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, Հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ¬թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից։
Կարդացեք նաև
Գերագույն Ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ գործող իշխանությունների հեռացման եւ վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը։
ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճն արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի Հանրապետությունում պետության, կուսակցության եւ քաղաքական իշխանության նույնացման դեմ, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն խանգարող բոլոր խոչնդոտների չեզոքացման ուղղությամբ։
Պետությունը թուլացնող այդ երեւույթների եւ ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչնդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով։
Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին եւ արդար պետությունն են։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը եւ հետամուտ լինել ստանձնած առաքելությանը` մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով