Այսօր «Փաստարկ» ակումբում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը իր ասուլիսը սկսեց «Հարսնաքարի» շուրջ երեկվա միջադեպից. «Դժգոհության ալիքն այնքան մեծ էր, որ իշխանությունը փորձեց ինչ-որ ձեւով մեղմել: Անկեղծ ասած, հայտարարության մեջ ես կոկորդիլոսի արցունքներ տեսա: Ռուբեն Հայրապետյանը փորձում էր ներկայանալ, որպես մի մարդ, որը մտահոգ է, շատ ցավում է, շատ կուզեր այնտեղ լինել, որպեսզի կարողանար այդ բարձրացված ձեռքը բռնել: Թույլ տվեք չհավատալ, որ նման այլ մեթոդներ գիտի: Դրա վառ ապացույցը երեկ էր, երբ Ռուբեն Հայրապետյանը ձեռք բարձրացրեց իրավապաշտպանի նկատմամբ: Նա իրեն վեր է դասում օրենքից, մի մեթոդ է կիրառում, դա բռունցք է, եւ այն պահանջները, որ հնչում են հանրության կողմից, որ նա նույնպես պիտի ներգրավված լինի որպես վկա, դրա մեջ մեկ վայրկյան անգամ կասկածել չի կարելի: Անկախ նրանից՝ Ռուբեն Հայրապետյանը եղե՞լ է «Հարսնաքարում» թե ոչ, դա ոչինչ չի նշանակում: Նա ուղիղ մեղսակից է այդ հանցագործությանը: Այն շարժումը, ըմբոստությունը, որ այսօր առաջացել է հասարակության մեջ, պետք է ավելի զարգանա, պետք է կարողանալ հասնել նրան, որ Ռուբեն Հայրապետյանին նեգրավեն որպես մասնակից: Նա անպայման պետք է իր պատժի չափը կրի: Շատ քիչ է պատգամավորական մանդատից հրաժարվելը: Անհրաժեշտ է արտահերթ նիստ հրավիրել, ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի դեպքերի ընթացքը»:
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ կանխատեսեց, որ հավանաբար Սերժ Սարգսյանը կպատրաստի եւս մի փոքրիկ հարված՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ, բայց դա կլինի ոչ թե կրիմինալի դեմ պայքար, այլ այն նույն PR ակցիայից, ինչ եղավ Մաշտոցի պուրակում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ