Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրգործով այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետազոտեց գործով առկա ապացույցները, մասնավորապես՝ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Վ. Գասպարիին ոստիկանության Կենտրոն բաժին բերման ենթարկելու մասին որոշման արձանագրությունը, սթափության վիճակի մասին արձանագրությունը, ՀՀ կառավարության շենքի դիմաց «դեպքի վայրի» զննության արձանագրությունը, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ամփոփագիրը, քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Ա. Մանուկյանի որոշումը, ինչպես նաեւ Գասպարիի նկատմամբ անցյալ տարվա հոկտեմբերի 22-ի որոշումը՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու, այնուհետեւ գրավ կիրառելու որոշումը: Ի դեպ, գրավը կազմել է 800.000 ՀՀ դրամ:
Կային բազմաթիվ ապացույցներ, որոնց մեջ էր նաեւ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի «Ա1+»-ի նկարահանումը:
Վ. Գասպարին մեղադրվում է ՀՀ կառավարության շենքի դիմաց խաղաղ հանրահավաքի ժամանակ խուլիգանություն կատարելու համար: Թեեւ մեղադրող Արմեն Անսանձյանը լազերային սկավառակը հետազոտելը թողեց դատարանի հայեցողությանը, սակայն դատարանը որոշեց ուսումնասիրել սկավառակը: Այդ կապակցությամբ դատավոր Մխիթար Պապոյանը դատական նիստերի քարտուղարի օգնությամբ դատարան բերեց իր համակարգիչը: Պարզվեց, որ 20 եւ ավելի ոստիկաններ գտնվել են կառավարության շենքի դիմաց: Ըստ այդ սկավառակի, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իջել է կառավարության շենքից, հայտնվել ցուցապաստառներ պարզած ցուցարարների շարքերի ուղղությամբ, զրուցել մի կնոջ հետ, որին անգամ հրել է՝ «ճանապարհ հարթել», իսկ ժողովուրդը վանկարկել էր «մարդասպան, հանցագործ, խուլիգան» բառերը:
Երբ սկավառակի դիտումն ավարտվեց, Գասպարին հայտարարեց, որ իր կողմից որեւէ մեկի նկատմամբ բռնության պատկեր չկար (այն, ինչ վկայել էին ոստիկանները), ինքը սեռական բնույթի հայհոյանքներ չի տվել (այն, ինչ դարձյալ պնդել էին «մեղադրողի վկաները»), ավելին՝ ինքն արտահայտում է բառեր, որոնք ուրիշ ցուցարարները նույնպես ասել են:
Կարդացեք նաև
Գասպարին հանդես եկավ միջնորդությամբ, ասելով, որ դիմել է «Արմենիա» եւ թիվ 3 կլինիկական հիվանդանոցներ՝ պահանջելով վկա՝ ոստիկան Արթուր Բաղդասարյանի՝ ուղեղի ցնցում ստանալու մասին բուժտեղեկանքը, մասնավորապես՝ ով է զննել նրան, ինչ փոխադրամիջոցով է տեղափոխվել, ինչ ներարկումներ են արվել: Ըստ փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի, այս տեղեկությունը անհրաժեշտ էր ոստիկանի ցուցմունքի արժանահավատությունը հավաստելու համար: Սակայն դատավորը մերժեց, ասելով, որ մեղադրանքի ծավալից դուրս է պահանջվածը:
Հետեւեց 2-րդ միջնորդությունը՝ ոստիկանությունից պահանջել իրենց նկարահանումները: Դատարան ներկայացրեց ոստիկանության օպերատորի լուսակարը: Ի դեպ, թե ՀՀ ոստիկանապետին, թե գլխավոր դատախազին արվել են հարցումներ՝ այս օպերատորին հայտնաբերելու հետ կապված: Ոստիկանությունը պաշտոնապես պատասխանել էր, որ հնարավոր չի եղել պարզել, թե նշված անձը նշվա՞ծ փաստն է նկարել, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, դատարանը որպես վկա կդատակոչի այս անձին, հարկ եղած դեպքում տեսանյութեր պահանջելով նրանից:
Երբ Գասպարին հանդես եկավ հայտարարությամբ, որ մեղադրողը ներկայացրել է մի շարք վկաների, որոնք սուտ ցուցմունքներ են տվել եւ մեղադրողը հանդիսանում է հանցաշխարհի մասնիկը քաղաքացիական հասարկության դեմ, դատարանը սանկցիա կիրառեց նրա ակատմամբ՝ բավարարվելով նախազգուշացմամբ: Նա գտավ, որ Գասպարին վիրավորանք է հասցնում դատախազին, չհարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ