Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ քարտուղար Վահե Անթանեսյանը, նույն հ/կ-ի գործադիր տնօրեն Գարիկ Գեւորգըանը եւ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը ներկայացրեցին հուլիսի 11-ին Սարդարապատում կայանալիք Տոլմայի փառատոնի մասին մանրամասներ: Նշվեց, որ փառատոնն արդեն երկրորդն է: Ինչպես անցյալ տարի՝ այս անգամ եւս միջոցառումը համեմված կլինի ազգային երգ ու պարով, անակնկալներով:
Անթանեսյանի փոխանցմամբ՝ Տոլմայի փառատոնի նպատակը նախեւառաջ ազգային ուտեստները ներկայացնելն է. «Փառատոնի ստեղծման համար խթան հանդիսացավ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ տոլման ադրբեջանական է, իսկ հայերը այն գողացել են: Բայց մենք հասանք մեր նպատակին: Տոլման հայկական է: Նշենք, որ Սարդարապատում լինելու է 20 տաղավար, որտեղ ներկայացվելու են տոլմայի տասնյակ բաղադրատոմսեր»:
Գեւորգյանն էլ հավելեց, որ հենց տեղում պատրաստվելու եւ ցուցադրվելու է տոլման, հյուրերը հնարավորություն են ունենալու ծանոթանալու ուտեստի բաղադրությանը: Միաժամանակ կհամտեսեն արդեն իսկ պատրասված տոլմայի տասնյակ տեսակներ:
Կարդացեք նաև
«Արդեն լույս է տեսել տոլմայի առաջին փառատոնի մասին պատմող գրքույկ, որում ներկայացված են բաղադրատոմսերը: Այդ գրքույկից լույս կտեսնի նաեւ երկրորդ փառատոնից հետո»,- ասաց Գեւորգյանը՝ թվելով տոլմայի տեսակներից մի քանիսը: Փառատոնի ընթացքում հյուրերը կհամտեսեն թոնրի մեջ շամփուրների վրա պատրաստված, դդմի ծաղիկների մեջ եփված եւ այլ տեսակի տոլմաներ:
Ռաֆայել Քոթանջյանի ձեւակերպմամբ էլ՝ Տոլմայի փառատոնի եւ Ոսկե ծիրանի համընկնումը պատահական չէր. «Քանի որ «Ոսկե ծիրան» փառատոնին արտասահմանից շատ հյուրեր են լինում՝ «Տոլմայի փառատոնը» հարմար առիթ էր ներկայացնելու հայկական ուտեստները: Շատ ճիշտ էր երկու փառատոների միաժամանակ անցկացումը: Օրինակ, անցյալ տարի «Ոսկե ծիրանի» հյուրերը, ովքեր մասնակցել էին նաեւ Տոլմայի փառատոնին՝ վառ հիշողություններով գնացին Հայաստանից: Կարծում եմ՝ պետք է ամեն բան անել մեր ազգը լավ ներկայացնելու համար»:
Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», Անթանեսյանն ասաց, որ այդ փառատոնի հյուրերն այնպիսի մարդիկ են, ովքեր իրենց մասնագիտության շնորհիվ իրենց տեսածը տարածում են աշխարհով մեկ. «Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ «Ոսկե ծիրանի» հյուրերից նրանք, ովքեր մասնակցել էին Տոլմայի փառատոնին՝ դարձան հայ մշակույթի դեսպաններ օտար երկրներում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ