Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաշտուն գյուղում տղաները չեն պսակվում, իսկ աղջիկներին այլ վայրերից են գալիս հարս տանում

Հուլիս 09,2012 12:14

Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղի մեծահասակներն ամբողջ օրը գյուղի երիտասարդների հետ կռիվ են տալիս, պահանջում ու խորհուրդ տալիս պսակվեն, ընտանիք կազմեն, գյուղի ծնունդների ավելացմանը նպաստեն: Բայց գյուղի մեծահասակների հորդորներն ու խրատներն արդյունք չեն տալիս, երիտասարդները ամենեւին չեն էլ շտապում պսակվել ու սեփական ընտանիք ունենալ:

«Ամեն օր հետները կռիվ ենք անում, ասում ենք՝ պսակվեք հա պսակվեք, բայց մեկ է` չի ազդում, տեղներից չեն շարժվում», – ասում են տաշտունեցի կանայք:

Գյուղում ծնունդները զգալի նվազել են. վերջին անգամ այստեղ երեխա ծնվել է մեկ տարի առաջ, նույնիսկ նոր ուսումնական տարում առաջին դասարան չի լինի գյուղի դպրոցում:

Ներկա պահին գյուղի հիմնական դպրոցն ընդամնեը 4 երեխա ունի, ինչը գյուղաբնակներին մտահոգվելու տեղիք է տվել: Տաշտունում տղաները չեն պսակվում, իսկ գյուղի աղջիկներին այլ տեղերից են գալիս հարս տանում: Մեծահասակներն էլ դարդ են անում, երբ գյուղի երիտասրադները որոշեն պսակվել, գյուղում աղջիկ մնացած չի լինի` աղջիկներին այլ տեղերից հարս տարած կլինեն:

Տաշտունի երիտասարդներն իրենց չամուսնանալու հիմնական պատճառը համարում են աշխատանքի բացակայությունն ու կայուն եկամուտ չունենալը: «Մենք չենք կարողանում նույնիսկ մեզ պահենք, հարսներին բերենք՝ ո՞նց պահենք: Հիմիկվա հարսները միամիտ չեն եւ նախապես գիտեն որտեղ են հարս գնում», – կեսկատակ կեսլուրջ ասում են գյուղի երիտասարդները:

Տաշտունեցի Արթուր Մկրտչյանը 26 տարեկան է, առավոտը լուսանալու պես՝ գյուղական գործերով է զբաղվում, այգին մշակում եւ այդպես ամբողջ տարին շարունակ: Ասում է, որ ամուսնանալու մասին նույնիսկ չի էլ մտածել մինչ օրս, իսկ այն հարցին, թե այլ վայրերից հարս կբերի՞ իրենց գյուղ, թե՞ չէ, ասում է` չի մտածել այդ մասին ու չի էլ փորձել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

21-ամյա Գեւորգ Գեւորգյանը գյուղը լքելու ցանկություն չունի, մտադիր է հետագայում էլ շարունակել այստեղ ապրել: «Դեռ ամուսնանալուս տարիքը չի, բայց որ պսակվեմ՝ գյուղում եմ ապրելու ընտանիքիս հետ: Բայց եթե էդ ժամանակ գյուղի դպրոցը չգործի, պիտի էնենց տեղ գնամ, որտեղ դպրոց կլինի», – ասում է Գեւորգը: Մեղրու բարձրադիր Տաշտուն գյուղում անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում: 2000 մ բարձրության վրա գտնվող գյուղում անասնապահությունը ձեռնտու չեն համարում, ուստի հիմնականում պտղատու այգիներն են մշակում, բայց բերքահավաքի ժամանակ էլ բերքի իրացման դժվարին խնդրի առջեւ են կանգնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031