Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի մահը մարտահրավեր էր ոչ թե հասարակությանն, այլ նախագահին

Հուլիս 09,2012 11:27

Ի տարբերություն բոլոր այն քաղաքական եւ հասարակական գործիչների, ովքեր կարծում են, թե Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւ դրանց շուրջ ընթացող զարգացումները մարտահրավեր են հասարակությանը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ հայ օլիգարխների նման պահվածքը մարտահրավեր է ՀՀ իշխանություններին` ի դեմս նախագահի: Նա միամիտ է համարում դա լոկ հասարակությանն ուղղված մարտահրավեր դիտարկելը:

Ավելի պատկերավոր լինելու համար, մեր զրուցակիցը նկատում է, որ անկախ տվյալ պետության տիպից` ավտորիտար, թե դեմոկրատական, մարդուն պատժելու, ազատազրկելու, ուժ, բռնություն կիրառելու «մենաշնորհը» պետությանն է եւ միայն պետական պատկան կառույցներն են իրավասու օրենքի սահմաններում, պատժիչ գործողություններ իրականացնել մարդու նկատմամբ: «Սա վտանգավոր է ոչ միայն հասարակական, այլ պետական անվտանգության տեսանկյունից: Ստացվում է, որ պետության մեջ մրցակցություն է ընթանում պետական եւ մասնավոր կառույցների միջեւ: Օլիգարխները, որոնք իրենց տեր ու տիրակալ են հռչակել որոշակի տարածքներում, ուղղակի ասում են պետությանն` ի դեմս նախագահի, որ այս շրջանակներում որոշողն ու իրականացնողը մենք ենք եւ դու` պետությունը, նախագահը, որեւէ իրավասություն չունեք այստեղ»,- ասում է Ստեփան Գրիգորյանը: Եվ այն, որ մեկ այլ օլիգարխ` Սամվել Ալեքսանյանը, հօգուտ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանողական հայտարարություններ արեց, մեր զրուցակիցը դա դիտարկում է պետությանն ուղղված կրկնակի մարտահրավեր:

Այս համատեքստում, մեր զրուցակիցը շատ դրական է համարում նախագահի քայլը, որի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն արեց: Դրական, բայց ոչ բավարար. «Նախագահի արձագանքը շատ կարեւոր էր: Բայց դա միայն առաջին քայլն էր: Մենք չենք կարող վստահ ասել, երաշխավորել, որ վաղը մեկ այլ օլիգարխ, մեկ այլ վայրում իրեն իրավունք չի վերապահի ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ դատաստան տեսնելու: Խնդիրը համակարգային է եւ համակարգային լուծում է պահանջում: Ռուբեն Հայարպետյանը միակ օլիգարխը չէ խորհրդարանում եւ ընդհանրապես: Նախագահը պետք է գնա իր կատարած քայլի շարունակականության եւ փորձ անի համակարգային լուծումներ տալ հարցին, քանի որ դա առաջին հերթին մարտահրավեր է իշխանությանն ու նախագահին: Մենք ենք իշխանությունը` մեր կալվածքում, մեր տեղերում եւ պետությունն այդտեղ անելիք չունի. սա է հայ օլիգարխիայի պահվածքը: Նախագահը պետք է այս կարծրատիպը կոտրի եւ կարգավորի պետության, պետականության ու նախագահի սովերենության հարցը: Նախագահը պետք է ցույց տա, որ «պատժիչ» ֆունկցիա իրականացնելու մենաշնորհը պետության անվտանգությունն ապահովող կառույցներինն է` օրենքի սահմաններում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031