Մեկ շաբաթից ավելին բացակայում էի Հայաստանից՝ Թուրքմենստանում մասնակցում էի ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կազմակերպած «Ավանդականից առցանց մեդիա» կոնֆերանսին:
Ինձ սկզբում, շատ մեղմ ասած, զարմանալի թվաց, որ այն անցկացվում է մի երկրում, որտեղ կարելի է ասել՝ առցանց լրատվամիջոցներ չկան (ավելի շուտ՝ այնպիսին են, որ հիշեցնում են խորհրդային անցյալը՝ առաջնորդին ներբողներով եւ այլն: Մի օրինակը տեսեք այստեղ): Եվ ուղղակի ծիծաղելի էր թվում, երբ հնչում էին զեկույցներ համացանցի կարգավորման կամ տեսակետների արտահայտման ազատության ընթացքում ինքնակարգավորման անհրաժեշտության մասին: Չէ, իհարկե, հասկանալի էր, որ ԵԱՀԿ-ն նման կոնֆերանսներով փորձում է քայլ առ քայլ փոփոխությունների հասնել Կենտրոնական Ասիայում: Բայց այսուհանդերձ՝ արտառոց էր համացանցի կարգավորման մասին խոսելը մի երկրում, որտեղ այն «կարգավորվում» է՝ էլ դու սուս, եւ որտեղ արգելված են բազմաթիվ կայքեր՝ այդ թվում Youtube-ը, Facebook-ը: Ինձ սկզբում միայն հաջողվեց Ipad-ի FB-ի application-ի միջոցով շրջանցել այդ արգելքը, բայց հետագա օրերին դա էլ չստացվեց, եւ սոցիալական ցանցերն էլ միացան այդպես էլ չգործող ռոումինգին:
Ի դեպ, անգամ կոնֆերանսի ընթացքում փորձեցին արդարացումներ ներկայացնել համացանցի արգելափակման վերաբերյալ: «Այն կործանման եւ ոչ արարման տարածք է,- ասում էր մասնակիցներից մեկը:- Համացանցն ատելություն է բորբոքում: Հապա հիշեք, թե ինչ դեր խաղաց այն Կիրգիզիայում՝ եղբայրասպան պատերազմի ընթացքում»: Մեկ այլ մասնակից էլ որպես համացանցի արգելափակման արդարացում նշեց. «Եթե Եվրոպայում դուք որոշ բաներ ազատ ու հանգիստ եք ընկալում՝ այստեղ նման բաները հակասության մեջ են մեր ավանդույթների հետ, եւ չենք փոխելու դրանք»:
Կայքերի արգելափակմանը եւ առաջնորդապաշտությանը (գրեթե բոլոր հասարակական վայրերում առկա էր երկրի նախագահի մեծադիր լուսանկարը, քաղաքում բազմաթիվ են նախկին նախագահի՝ Թուրքմենբաշիի արձանները) գումարեք, որ Թուրքմենստանում, կարելի է ասել, արգելված է երեքից ավելին հավաքվել գաղափարական, քաղաքական հիմքերով, ու չափազանցություն չի թվա Ադրբեջանից բլոգեր Ալի Նավրուզովի դիտարկումը. նա ինձ ասաց. «Մենք ու դուք այստեղ ամենաազատ երկրների ներկայացուցիչներն ենք»: Այդ ֆոնին՝ հաստատ:
Կարդացեք նաև
Բայց սրան ցանկանում եմ համադրել այլ դիտարկումներ, որոնք վերածնեցին ինձ դեռ մանկությունից ծանոթ մի հարցադրում. «Կուզեի՞ր մի միլիոն փող ունենալ, բայց մազերիդ տեղը ռեհան լիներ»: Հիմա նույն կերպ հարցնեմ՝ կուզենայի՞ք չկարողանալ մտնել Youtube ու Facebook, բայց ձեր քաղաքը լիներ այն վիճակում, ինչ Աշգաբադն է, ձեր համաքաղաքացիներն էլ ապրեին այնպես, ինչպես թուրքմենները:
Հիմա մի քանի փաստեր նրանց ապրելակերպի մասին: Աշգաբադը վերջին տարիներին, կարելի է ասել, վերստին է կառուցվում: Ընդ որում՝ վերակառուցվում է սպիտակ մարմարից (տես լուսանկարները)՝ ոսկեզօծի համադրությամբ: Թուրքմենստանի մայրաքաղաքի վարչական շենքերի շինարարությունն իրականացնում են ֆրանսիացիները, որոնք հաշվի են առնում ազգային առանձնահատկությունները:
Իրարից պատշաճ հեռավորության վրա կառուցված ամեն շենքի կողքին այգի է (վախ, Երեւան ջան, վախ), ջրավազան, շատրվաններ, պայծառ լուսավորություն: Թեեւ քաղաքն անապատի մեջտեղում է, բայց ավազի հետք անգամ չկա՝ մաքրամաքուր է, կանգառները՝ հովացման սարքավորումներով: Մի դեղին տերեւ անգամ չես տեսնի՝ եղած բուսականությունը ոռոգվում է անընդհատ:
Թուրքմենստանը Խորհրդային միություն է հիշեցնում ոչ միայն ազատությունների սահմանափակումներով: Այստեղ բնակիչների համար գազը ձրի է (բնականաբար), էլեկտրաէներգիան՝ ձրի, ջուրը՝ ձրի, նաեւ 120 լիտր բենզին է հատկացվում՝ անվճար:
Այստեղ պահպանվել է նաեւ հերթագրումով բնակարաններ բաշխելու ավանդույթը: Այն զարգացրել են: Ասենք, տվյալ նախարարությունը մրցույթ է հայտարարում իր աշխատակիցների համար բնակարաններ կառուցելու նպատակով: Մրցույթի արդյունքով ընտրում են ոչ թե ամենաէժան առաջարկը, այլ թե ով ավելի հարմարավետ պայմաններ կառաջարկի: Եվ այսպես է ստացվել, որ տալիս են բնակարաններ, որտեղ արդեն իսկ կա խոհանոցային կահույք եւ սանտեխնիկա՝ բարձր որակի, այդ թվում նաեւ՝ ջակուզի, մի քանի ննջասենյակ, զուգարաններ… Այդ բնակարանի արժեքի կեսը վճարում է պետությունը, մյուս կեսը՝ ինքդ պետք է վճարես 30 տարվա ընթացքում 1% հիպոթեքային տոկոսադրույքով: Մեզ ուղեկցող ԱԳՆ երիտասարդ աշխատակիցը, որն ինքն էլ էր ստացել նման բնակարան՝ ասաց, որ միայն սկզբում էին հերթերը, իսկ հիմա առանձնապես հերթեր էլ չկան:
Թերեւս այսքանը հերիք է: Թեեւ կարող էի պատմել նաեւ առաջին դասարանցիներին անվճար հատկացվող նեթբուք-երի մասին (մեզ մոտ անընդհատ միայն խոսում են այդ մասին) կամ, որ եթե ժամը 19-ից հետո ծառայողական համարներով որեւէ մեքենա հայտնվեց փողոցում՝ աշխատանքից կազատվի տվյալ գերատեսչության ղեկավարը:
Սակայն ասեմ, որ երեկվանից, ինչ վերադարձել եմ՝ փոքրիկ հարցախույզ եմ անցկացնում պարզելու, թե մեր համաքաղաքացիները կնախընտրեին, ասենք, սոցիալական ցանցե՞րը, թե՞ այն, ինչ նկարագրեցի: Ավաղ, հարցախույզի արդյունքներն առայժմ Facebook-ի օգտին չեն: Պատմություններս լսողները խոսում էին Թուրքմենստան արտագաղթելու մասին, ինչն, ի դեպ, անիմաստ է լիովին, քանզի այդ երկրի քաղաքացի դառնալը գործնականում անհնար է, իսկ վերոնկարագրյալ արտոնությունները գերազանցապես Թուրքմենստանի քաղաքացիների համար են:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ