Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանում» ներկայացվեցին դերասանուհու, քանդակագործի եւ աշուղի մասին վավերագրականներ

Հուլիս 08,2012 18:48

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկային երրորդ ասուլիսի բանախոսներն էին ռեժիսորներ Միշա Ղազարյանը, Տարոն Պետրոսյանը եւ Արթուր Խուդոյանը: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի սրահում» այսօր նրանք ներկայացրեցին «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում առաջադրված ֆիլմերը:

Միշա Ղազարյանի «Արմինեն եվ Լեդի Մակբեթը»  պատմում է Վանաձորի թատրոններից մեկի դերասանուհի Արմինե Մացակյանի մասին, ով մանկուց տառապում է շաքարային դիաբետով, սակայն ցանկանում է երեխա ունենալ: Ծննդաբերությունից հետո կինը կուրանում է, իսկ ամուսինն իր վրա է վերցնում ընտանիքի բոլոր հոգսերը` սկսած ճաշ պատրաստելուց մինչ կնոջ կոշիկները մաքրելը: Միշա Ղազարյանի խոսքով` ամուսինների միասնությունը հիմնված է սիրո վրա. «Կուրանալուց հետո Արմինեն Աստծուց պատասխան է հայցում իր վիճակի համար եւ աստիճանաբար չարանում մարդկանց հանդեպ, նույնիսկ` մահվան մասին մտքեր ունենում: Դերասանուհին սկսում է չարությունը թափել բեմի վրս` խաղալով Լեդի Մակբեթին, ինչը դժվար  գործ է»:

Տարոն Պետրոսյանի «Տղաներիս հետ միասին» լիամետրաժ-վավերագրականը պատմում է տաղանդավոր քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մասին, ով կորցնում է կնոջը եւ միայնակ մեծացնում որդիներին. «Երկուսն էլ տաղանդավոր են. ծնողի եւ նրանց միջեւ ստեղծագործական հակասություններ չեն առաջանում: Արվեստագետի ընտանիք ասելով` առաջնահերթ նրանց եմ պատկերացնում»,-ասաց ռեժիսորը:

«Ինձ աշուղ են ասում» ֆիլմը պատմում է Վայոց Ձորի Եղեգիս գյուղի 85-ամյա ծերունու մասին, ով ֆոլկլորային երգեր է հավաքում` փրկելով դրանք մոռացությունից, նաեւ ինքն է գրում երգեր ու առակներ: Ռեժիսոր Արթուր Խուդոյանը փաստեց, որ ծերունու տղան եւ թոռը երգով չեն զբաղվում` վտանգելով հոր թողած գործերի գոյությունը. «Ծերունին իրեն լավ է զգում այն հանգամանքից, որ անցյալ տարի աշուղի կոչում է ստացել, նույնիսկ ունի երգերի տեսակավորված արխիվ: Պատմում են, որ երբ նրան վստահվում էր գյուղի ոչխարների հոտը, գյուղացիները կորցնում  էին իրենց ոչխարներին: Պարզապես ծերունին նստում էր ծառի տակ, երգ գրում` մոռացության մատնելով հոտը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031