Լրահոս
Օրվա լրահոսը

Վավերագրականներ` Նոր Ջուղայի, Կոստան Զարյանի եւ սահմանափակ կարողություններով մարդկանց մասին

Հուլիս 08,2012 18:33

«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում ասյօր տեղի ունեցավ «Ոսկե Ծիրանի» մեկնարկային երկրորդ մամլո ասուլիսը: Ռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Վահե Յանը եւ Հայկ Կբեյանը ներկայացրեցին համապատասխանաբար «Նոր Ջուղա. Լինել…», «Երկու ճանապարհ» եւ «Կոստան Զարյան. հայ գրականության մենակը» ֆիլմերը, որոնք ներառված են «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում:

«Նոր Ջուղա. Լինել…» կարճամետրաժ-վավերագրականը պատմում է Նոր Ջուղայի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող  անցյալի եւ ներկայի մասին: Ռեժիսոր Արսեն Գասպարյանի խոսքով` 400 տարի Նոր Ջուջայի հայ համայնքը պահպանել է հայկական ավանդույթները. «Այնտեղ կա 13 հայկական եկեղեցի, թանգարան, դպրոց, հարուստ գրապահոցներ, սակայն առկա է արտագաղթի խնդիր: Գուցե պատճառը իսլամական կրոնն է: Հարկ է նշել, որ տեղի հայ համայնքը հետամուտ է հայոց լեզուն մաքուր պահելուն»:

Վահե Յանի «Երկու Ճանապարհ» ֆիլմը նպատակ ունի ցույց տալ սահմանափակ կարողություններով մարդկանց աշխարհը: Հերոսները չեն լսում, սակայն ունեն իրենց կենսակերպն ու աշխատանքը: Գոհարը նկարչուհի է ու երազում է վաճառել իր գործերը` ծնողներին օգնելու նպատակով: Հայկը պարող է եւ առաջին մրցանակի է արժանացել «Պարիր, թե կարող ես» փառատոնում: Վահե Յանն ասում է. «Նկարահանելուց հասկացա, որ ֆիլմը ոչ թե հերոսների, այլ մեր` նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է: Մենք կոմպլեքսավորված ենք, եվ մտածում ենք, թե սահմանափակ կարողություններով մարդկանց  հետ դժվար է շփվել, բայց նկարահանման երկրորդ օրն իսկ այլեւս թարգմանչի կարիք չզգացվեց»: Ռեժիսորը նույնիսկ իրեն վատ է զգացել ժեստերի լեզուն չիմանալու համար, մինչդեռ, իր խոսքով, այդ լեզվին բոլորը պետք է տիրապետեն. «Պարզապես պետք է թափանցել նրանց աշխարհ` դրանով իսկ ճանաչելով ինքներս մեզ: Նաեւ ասեմ, որ Գոհարիկը ամուսնացել է եւ երեխայի է սպասում»:

Հայկ Կբեյանի «Կոստան Զարյան. հայ գրականության մենակը» լիամետրաժ-վավերագրականը հայ մեծ գրող Կոստան Զարյանի պատմությունն է. «Շատերը չգիտեն նրա մասին, մինչդեռ գրողի գործերը հիմա էլ արդի են: Զարյանից ընդամենը 9 լուսանկար է պահպանվել: Առհասարակ` տեղեկություններն են քիչ, այդ պատճառով հիմնվել ենք նրա թողած ձեռագրերի վրա: Փորձ է արվել նրկայացնել ոչ միայն գրողի կենսագրությունը, այլեւ  միայնությունը հասարակության մեջ»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031