Այսօր Հյուսիսային պողոտան բացի զբոսանքի վայրից, նաեւ սպորտային էր ու շատ նման ամերիկյան բակերին: Այնտեղ անցկացվում էր ամենամյա «ArmStreetBall» բասկետբոլային բաց առաջնությունը: Կազմակերպիչները «ՀՏ Production»-ն ու ՀՀ. Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունն էր: ՀՏ Հայկոն ասում է, որ այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 75 թիմ, իսկ անցյալ տարի դրանց թիվը 50-ն էր: Տարիքային ու սեռային սահմանափում չի եղել:
Թիմերը կմրցեն իրար հետ, իսկ հաղթող երեք թիմերը կստանան մրցանակ` գավաթի տեսքով, դիպլոմներ եւ այլ նվերներ, կլինի նաեւ դրամական պարգեւ:
Խաղերը ընթանում էին հիփ-հոփ երաժշտության ներքո, եղան նաեւ Break dance ոճի պարեր:
«Նպատակը բասկետբոլի պրոպագանդան է: Քանի որ ես երկար տարիներ եմ պարապել այդ սպորտով, ուզում եմ `երիտասարդությունը ավելի հետաքրքրվի: Սրան ավելի քիչ են ուշադրություն դարձնում»,- ասում է ՀՏ Հայկոն:
Միջոցառմանը հիփ-հոփ երգում էր նաեւ Միշոն: Կարծում եմ` հիշում եք, որ եղավ մի ժամանակ, երբ նրա ու Հայկոյի միջեւ կային տարաձայնություններ: Հայկոն ասում է «Զանգեցի, կանչեցի, եկավ: Ժամանակին եղան տարաձայնություններ, բայց մենք միայն իրար հետ չենք աշխտել ու երեւի չենք էլ աշխատի, իսկ մեր հարաբերությունները նորմալ են»:
Արամ Արարատյան