Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ իշխանը, հաշմանդամը եւ մշեցի կինը` «Ոսկե Ծիրանում»

Հուլիս 08,2012 16:10

Այսօր, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում  տեղի ունեցան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի առաջին մամլո ասուլիսները, որոնց ընթացքում ներկայացվեցին փառատոնի «Հայկական Համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի մի մասը:

Մեկնարկային ասուլիսի բանախոսներն էին ռեժիսորներ Արմեն Գասպարյանը, Արմեն Ռոնովը եւ Անետա Օհանջը: Վերջինիս «Արզուման» կարճամետրաժ-վավերագրական ֆիլմի հերոսը հաշմանդամ է. «Չնայած այն հանգամանքին, որ նա հոգեկան խնդիրներ ունի, ուրախանում էր, երբ նրան նկարում էի: Հերոսիս ճանաչում եմ արդեն 10 տարի, եւ նրա ուրախ, լավատես լինելը հաշվի առնելով` որոշեցի հենց նրան նկարել` նախապես ավելի հաճախ շփվելով ու լավ ճանաչելով իրեն»,-ասաց Անետան: Նա հավելեց, որ ֆիլմն ունենալու է շարունակություն:

Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» խաղարկային-լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է  Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» հեքիաթի հիման վրա: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ հայ-ֆրանսիական մշակութային կապերին: Հեքիաթի եւ իրականության համադրության շնորհիվ Ռոնովը ցույց է տալիս այն մարդկային հարաբերությունները, որոնք բացահայտում է Փոքրիկ իշխանը` Երկիր-մոլորակ գալով. «Առհասարակ, մարդը պետք է պատասխանատվություն զգա աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Յուրաքանչյուրի մեջ էլ մանկական սկզբունքներ կան, որոնք կյանքի ընթացքում չպետք է մոռացվեն»,-հավելեց ռեժիսորը:

Գերմանառուսական համատեղ արտադրության «Հայկական հաց» լիամետրաժ-վավերագրական ֆիլմի հերոս հնագետը հանդիպում է մի տարեց կնոջ` Արուսյակին, ով նրա համար բացահայտում է Հայաստանը` երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ: Ռեժիսոր Արմեն Գասպարյանն ասաց, որ հերոսուհին բնիկ մշեցի է եւ համառ բնավորությամբ կին, այս իսկ պատճառով նկարահանման աշխատանքները երկար են տեւել. «Սկզբում չէր համաձայնվում նկարահանվել, բայց երբ ցույց տվեց լքված խաչքարերը, որոնց տեղը միայն ինքը գիտեր, սկսեց բացվել եւ պատմել…Չեմ կարծում, որ միանգամից` ցինիկավարի, կարելի է վավերագրական ֆիլմ նկարել: Արուսյակը հայկական մշակույթի կրողն է` կին, որի սրտում դեռ արթուն է Ցեղասպանության ցավը: Նկարահանումներից հետո նա մահացավ` այդպես էլ չտեսնելով ֆիլմը, բայց նրա 7 աղջիկներն ասացին, որ դա իրենց մայրիկից մնացած միակ կենդանի հուշն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031