Ավելի քան մեկ ամիս է, ինչ Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղում խառը, անկազմակերպ վիճակ է: Մեքենաների անսարքության պատճառով շատ ուղերթներ չեն կայանում: Հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 8-ին նախատեսված Նոյեմբերյան-Երեւան ուղերթի ուղեւորներին տհաճ անակնկալ էր սպասում. ուղերթի միկրոավտոբուսը անսարք լինելու պատճառով ուղեւորները մայրաքաղաք մեկնեցին ժամը 9-ի ուղերթով: Առավոտյան վաղ արթնացած ուղեւորները ստիպված մեկ ժամ սպասեցին Նոյեմբերյանի ավտոկայարանում: Հուլիսի 8-ի առավոտյան Նոյեմբերյանից Երեւան 2-ի փոխարեն մեկնեց 1 միկրոավտոբուս, այդ պատճառով օրվա երկրորդ կեսին Երեւանից Նոյեմբերյան կվերադառնա նախատեսված 2-ի փոխարեն 1 միկրոավտոբուս: Վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ ուղերթների չեղյալ համարելը հարուցել է ուղեւորների զայրույթը: Անցյալ տարվա սեպտեմբերից Երեւանի կենտրոնական ավտոկայարանի տոմսարկղում այս երթուղու համար տոմսեր չեն վաճառվում, ուղեւորները ստիպված վարորդին խնդրում են , որ «տեղ պահի»: Զարմանալի է , որ կապի եւ տրանսպորտի նախարարությունը չի հետեւում,որպեսզի այս երթուղում ուղեւորափոխադրումներն օրինական հիմունքներով կատարվեն, ուղերթները հաճախ չեղյալ չհամարվեն: Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղերթն իրականացնում է «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այս երթուղու միկրոավտոբուսները «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի հարմարավետ մեքենաներ են, վարորդներն էլ` հմուտ:
Ոսկան Սարգսյան