Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) այս պահին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը հանձնելու նպատակով ոչ մի մարզչի հետ չի բանակցում: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Կոմարովն՝ ի պատասխան «Եվրո 2012»-ի ավարտից հետո ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղած այն տարաբնույթ տեղեկատվությունների, իբր ՌՖՄ-ն արդեն նոր պայմանագիր ստորագրել է ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի հետ եւ վերջինն էլ արտասահմանցի է: «Վաղը գալու է Կապելոն, մյուս օրը՝ Գվարդիոլան, հետո՝ Մոուրինյոն, իսկ ավելի ուշ՝ Ֆերգյուսոնը… Էլ ո՞ւմ անունն են տալու: Իսկ եթե ավելի լուրջ՝ ՌՖՄ արդեն նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն Դիկ Ադվոկատից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հարցում ոչ ոքի հետ կապի մեջ չի մտել: Հենց այդ մասնագետի անունը հայտնի լինի, ամբողջ ինֆորմացիան կհայտնվի ՌՖՄ պաշտոնական կայքում», – հայտարարել է Նիկոլայ Կոմարովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ