Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մահացավ ՀԱԿ ակտիվիստ, գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանը, որին մեկ տարի շարունակ դատում էին իբրև թե հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելու, զինվորական կենսաթոշակ ու բնակարան ձեռք բերելու համար:
Բազմաթիվ հիվանդություններով տառապող 55-ամյա ազատամարտիկը փաստորեն չդիմացավ այս մեղադրանքներին: Այսօր նրա մարտական ընկերները մեզ փոխանցեցին, որ քննիչը կալանք էր դրել ոչ միայն Ժորա Աթոյանի թոշակի, այլև պետականորեն հասանելիք բուժօգնության ու դեղորայքի վրա: «Ժորայի` մարտի դաշտում վիրավորվելը, կոնտուզիա ստանալը շատ լուրջ հետևանք էր թողել նրա առողջության վրա, և պարբերաբար բուժվում էր: Քանի որ նա զինվորական երկրորդ կարգի հաշմանդամ էր, իր հասանելիք բուժումը, դեղորայքը ձրի էր, այսինքն` ֆինանսական հնարավորություն չուներ բուժվելու, արտոնությունից էր օգտվում: Երբ որ էս շինծու մեղադրանքը Ժորայի վրա ստեղծեցին, քննիչը կալանք դրեց նրա բոլոր արտոնությունների վրա` սկսած թոշակից վերջացրած դեղորայքով: Ժորան այդ ամբողջ մեկ տարվա ընթացքում ծանր հոգեվիճակ ունենալուց բացի, հնարավորություն չուներ դեղեր գնելու: Ժորա Աթոյանի մահը իշխանությունների կողմից կատարված սպանություն է, ու թող էն դատող դատավորն ու Հարությունյան Հարություն կոչվող դատախազը Աստծո դեմ պատասխան տան Ժորայի համար, նրա մահը իրենց վիզն է»,- ասաց նրա ընկերներից մեկը` Գևորգ Ալիխանյանը:
Ըստ ընկերների` ազատամարտիկը մահացել է աղքատության մեջ, նա անգամ տուն չունի, նրա կինը ևս ծանր հիվանդ է, որի առողջական վիճակը էլ ավելի վատացել է ամուսնու դատավարության ընթացքում: «Պատկերացրեք այս ընտանիքի վիճակը, մի կողմից սոցիալական, մուս կողմից բարոյահոգեբանական վիճակը` իբրև թե Ժորան ազատամարտիկ չի եղել, խաբել է, մարդու անցյալը ուղղակիորեն փորձեցին պղծել, ու մարդը չդիմացավ:Մեր ընկերներից, ովքեր առավոտյան Ժորայի կողքն են եղել, պատմում էին, երբ որ շտապօգնությունը փորձել է բարձիկ դնել նրան թթվածին տալու, նա ձեռքով հրել, մի կող է գցել ու ասել է` այլևս պետք չէ, ուշ է, շատ ուշ:Այսինքն մարդուն սպանեցին խոսքով ու ազգադավ քաղաքականությամբ, անպարկեշտ մարդը չգիտի, թե պարկեշտությունն ինչ է:Երբ որ ազատամարտիկները կռվում էին Արցախի համար, այդ ժամանակ նույն իշխանությունները օսլայած օձիքներով ման էին գալիս արտասահմաններում, արյունը մենք ենք թափել, ու թող չփորձեն ազատամարտիկներին տեռորի ենթարկել», -բորբոքվեց ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև