Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Բզնունի. «Տաշիր» պիցցայով երկրում արտադրություն չես զարգացնի, խոշոր արդյունաբերություն է պետք»

Հուլիս 06,2012 20:21

«Այսօր Հայաստանում արդյունաբերության զարգացման գաղափարն արդեն հավերժ թաղել ենք: Այսօր մենք զբաղված ենք միայն առեւտրային գործունեությամբ, այսինքն, ներկայումս չենք կարող ցույց տալ մի խոշոր բիզնեսմեն, որ մեծ արդյունաբերությամբ է զբաղված»:  Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ալմաստ»գործարանի նախկին տնօրեն Գուրգեն Բզնունին, որը նաեւ Հանրային խորհրդի անդամ է: Պարոն Բզնունու խոսքերով` չկա մի հայ մարդ, որը խոշոր արդյունաբերությամբ կամ արտադրությամբ է զբաղվում. «Ասենք թե «Տաշիր» պիցցա են արտադրում, հետո՞»: Ըստ պարոն Բզնունու, դրանով երկրի արտադրություն չես զարգացնի:

Aravot.am-ի հետ զրույցում Գուրգեն Բզնունին կառավարությանը մի առաջարկություն արեց, որը վերաբերում է ավելացված արժեքի հարկման մեխանիզմին. «Արդյունաբերական տեխնիկա բերողներին արտոնություն են տալիս: Մենք առաջարկում ենք` եթե որեւէ մեկին ազատում են ԱԱՀ-ից, ապա տվյալ ընկերությունը պետք է պարտավորվի ցուցանիշ ցույց տալ` ԱԱՀ-ից ազատվելու դիմաց, թե ինքը պետությանը ի՞նչ ծավալի արտադրություն է տալիս: Այսինքն, պետությունը պետք է ասի` ես քեզ ընդհանրապես կազատեմ ԱԱՀ-ից` սարքավորումներ ներկրելու համար, եթե դու որոշակի ծավալի արդյունաբերական ապրանք տաս: Այս մեխանիզմն այսօր, իհարկե, չկա»:

Պարոն Բզնունու խոսքերով` նման արտոնության դեպքում, հնարավոր է խոշորները դիտավորյալ տրոհվեն, որպեսզի առանց ԱԱՀ-ի սարքավորում ներկրեն, հետո կրկին խոշորանան ու աշխատեն, բայց տվյալ դեպքում ստուգելու մեխանիզմ էլ կա, որպեսզի նման բան չստացվի. «Բայց որպեսզի արդյունաբերական արտադրությունը զարգանա` մեր նշած գաղափարը կարեւոր է»:  Գուրգեն Բզնունու խոսքերով, շատ կարեւոր է նաեւ հստակեցնել աշխատատեղ ստեղծելու գաղափարը, այսինքն, այն, որ հաճախ հայտարարվում է աշխատատեղեր բացելու մասին, պետք է հստակեցվի, թե գործարարի վրա որքա՞ն կարժենա մեկ աշխատատեղ ստեղծելը. «Գերմանիայում մեկ աշխատեղ բացելը գործարարի վրա նստում է մոտ 1 միլիոն եվրո: Տեսեք, գործարարը աշխատատեղ բացելու համար, պետք է, ասենք` արտադրամաս կառուցի, սարքավորումներ բերի, ենթակառուցվածքներով ապահովի, աշխատավարձ վճարի եւ այլն: Մի բան է` աշխատեղ` 500 հազար դրամով, այլ բան է, ասենք, 35 հազար դրամով: Պետք է պարզվի, թե մինիմումն ապահովելու համար ի՞նչ գումար կծախսի  գործարարը: Երբ այդ ծախսային մասը կունենանք, կհասկանանք ներդրումային գաղափարները: Իսկ այսօր ՓՄՁ-ի համար աշխատատեղով ապահովելը դարձել է սարսափելի մի բան»:

Որքանո՞վ են Հանրային խորհրդի, որի անդամն է նաեւ պարոն Բզնունին, աշխատանքներն արդյունավետ` մեր այս հարցին ի պատասխան պարոն Բզնունին վստահեցրեց, որ խորհուրդի ստեղծումը լավ գաղափար է, բայց. «Լավ կլիներ այն կանոնակարգվեր Ազգային ժողովի կողմից, ոչ թե նախագահին կից, այդ դեպում ավելի լավ կաշխատեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031