Բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Էյրիկի դա Սյուվը, ով 6 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և խաղում «Միկա» ֆուտբոլային ակումբում, ասում է` ցանկություն չունի հետ վերադառնալու Բրազիլիա` մշտական բնակության:
Բրազիլացի կնոջ և 3-ամյա որդու հետ ապրող Ալեքսը նշում է, որ լիարժեք ինտեգրվել է հայկական միջավայրին: Առաջին անգամ եկել է Հայաստան 2006-ին` հայտնի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հրավերով, ով հանդիպել է նրան Բրազիլիայում ֆուտբոլային խաղի ժամանակ:
«Ես ու կինս շատ ենք սիրում Հայաստանը, ոչ մի խնդիր չունենք, այստեղ մենք մեզ հանգիստ ու ապահով ենք զգում՝ ի տարբերություն Բրազիլիայի, որտեղ կրիմինալը շատ է ու վտանգավոր»,- ասում է սևամորթ, կիսագանգուր մազերով ու ջերմ ժպիտով բրազիլացի ֆուտբոլիստը: Նրանց տան հյուրասենյակում առաջին հայացքից ուշադրություն է գրավում սեղանին դրված Բրազիլիայի դրոշը:
30-ամյա Ալեքսը մեծացել է Սան Պաուլոյում, որտեղ 7 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով: Կենտրոնական պաշտպան Ալեքսը ամեն օր 2 ժամ տրամադրում է իր պարապմունքներին:
Խոսելով Բրազիլիայում տարածված թմրամոլության, սպանությունների, ուսման թանկ վճարների, բժշկական ծառայությունների, սննդի, բջջային հեռախոսակապի ու կոմունալ վճարների մասին՝ նա արժևորում ու բարձր է գնահատում Հայաստանում այդ ամենի մատչելիությունն ու առաջին հերթին անվտանգությունը:
«Այստեղ երեկոյան ուշ ժամերին կարող ես հանգիստ ման գալ, իսկ Բրազիլիայում շատ վտանգավոր է: Պետք է ամեն ինչին ուշադիր լինես, ուշ ժամերին մեքենադ դրսում գողանում են, փողոցում խցանում ստեղծելու համար մարդուն ատրճանակով խփում են ու փախչում, երեխաներին 10 տարեկանից թմրանյութերի մեջ են քաշում: Չէ´, Հայաստանում շատ լավ է, շատ ապահով է, մենք ուզում ենք այստեղ մնալ»,-ասում է Ալեքսը, ում երկրորդ երեխան՝ 6-ամյա Բեատրիսն ապրում է Սան Պաուլոյում Ալեքսի ծնողների հետ:
Մանրամասները կարդացեք այստեղ: