Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախօրեին իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ակնարկել է, որ Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Այս մասին տեղեկացնում է «Nouvelles d’Arménie»-ն:
«Reuters»-ի փոխանցմամբ, իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում դժվար թե «վերակենդանանա»:
Ասվածը էապես հակասում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հավաստիացումներին առ այն, որ Ֆրանսիան պատրաստակամ է ուսումնասիրել օրենքի նախագծի նոր տեքստը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել էր միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ, ով կարծիք էր հայտնել, որ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող նոր օրինագծում ֆրանսիացիները պետք է կարողանան շրջանցել երկընտրանքը. մի կողմից՝ Եվրոդատարանի նախադեպային վճիռները և մյուս կողմից՝ ՄԱԿ-ի կառույցի բոլորովին նոր խոսքը՝ ազատ արտահայտվելու իրավունքը, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրորդ օրինագիծը նույնպես հակասահմանադրական չճանաչի:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը հակասահմանադրական ճանաչելու՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը ուղղակիորեն հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, որը կառուցվել է Ֆրանսիայի վերաբերյալ կայացված վճիռներով:
Արա Ղազարյանն ընդգծել էր, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների դաշնագրի 5-րդ հոդվածների, չի կարելի Կոնվենցիայի որևէ դրույթ օգտագործել մերժելու համար այնպիսի արժեքներ, որոնք ընկած են Կոնվենցիայի հիմքում: Այսինքն՝ չի կարելի մոռանալ, որ եղել է Նյուրնբերգյան դատավարություն ու Հոլոքոստ: Տասնամյակներ շարունակ այդ հոդվածների հիման վրա Եվրոդատարանը նախադեպեր է զարգացրել եվրոպական երկրներում հրեաների ցեղասպանությունը մերժելու համար դատապարտված անձանց գանգատների գործերով:
Այդուհանդերձ, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի հայտնի որոշմանը նախորդել էին նոր զարգացումները միջազգային իրավունքի ոլորտում, երբ ՄԱԿ-ի համակարգում գործող Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 34 ընդհանուր մեկնության 49-րդ կետի համաձայն, անընդունելի է համարվել անձին դատապարտել զուտ նրա համար, որ նա մերժել է պատմական որևէ փաստ:
«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն