Եթե այսօր Հյուսիսային պողոտայում տեսել եք հաղորդավար Հրաչ Մուրադյանին (Արչի) պատուհան մաքրելիս, ապա մի զարմացեք, դուք ականատես եք եղել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի անձնակազմի կողմից կազմակերպված ֆլեշմոբին: Մասնակիցները, մաքրելով պատուհաններ, մարդկանց կոչ էին անում ավելի լայն բացել դրանք եւ աչք չփակել այն բոլոր խնդիրների վրա, որոնք ունենք մենք:
«Մեր թիմը ու նաեւ այն մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակատահվածում «Կիսաբաց լուսամուտներ»-ի հետ են, այս ձեւով կբարձրացնեն հասարակության վերաբերմունքի հարցը, այսինքն մենք մեր կողքին գտնվողի հետ կարեկից պետք է լինենք, սիրենք, հարգենք, դժվարության պահերին փորձենք օգնել իրեն, բայց ոչ միայն հեռուսատեսությամբ, այլ նաեւ իրական կյանքում: Մենք ընտրեցինք այս վայրը, քանի որ սա միակ տեղն է, որտեղ կարելի է քայլել եւ հնարավորություն կա տեսնելու պատուհան: Մենք դրանք մաքրելու ենք, թեկուզ, եթե մաքուր են»,- ասում է «Կիսաբաց լուսամուտներ»-ի հաղորդավար Հրաչ Մուրադյանը:
«Մենք քեզ հետ ենք». այս կարգախոսն ուներ ֆլեշմոբը: Սակայն մինչ դա, կազմակերպիչները մասնակիցներին կոչ էին արել հագնել սպիտակ շապիկներ: Ինչպես ասաց Հրաչը` որպես մաքրության նշան :
Մասնակիցների թվում էր հաղորդաշարի ընկեր, իրավաբան Ռոմիկ Չիբուխչյանը: Չնայած նրան, որ նա մյուսներից տարիքով մի քիչ մեծ էր, եկել էր, քանի որ շատ է հավանել մտահաղացումը. «Ես իրավունք չունեի չմասնակցել ֆլեմոբին: Ամեն ինչին մասնակցել եմ` սրան էլ պետք է ներկա լինեի»:
Իրավաբանը նույնպես կոչ է անում հասարակությանը մտահոգվել մեզ շրջապատող մարդկանցով:
Արամ Արարատյան